Հասարակական

Ոստիկանությունը հորդորում է ձեռնպահ մնալ հակաիրավական արարքներից

2 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը հորդորում է ձեռնպահ մնալ հակաիրավական արարքներից

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որով քաղաքացիներին հորդորում է ձեռնպահ մնալ հակաիրավական արարքներից, այլ քաղաքացիների իրավունքի դեմ ոտնձգելու, համայնքների բնականոն կենսագործունեությանը խոչընդոտելու գործողություններից: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ոստիկանության հայտարարությունը.

«Հարգելի քաղաքացինե՛ր:

Ոստիկանությունը շարունակում է հասարակական կարգի պահպանման իր գործառույթի իրականացումը։

Հորդորում ենք ձեռնպահ մնալ հակաիրավական արարքներից, այլ քաղաքացիների իրավունքի դեմ ոտնձգելու, համայնքների բնականոն կենսագործունեությանը խոչընդոտելու գործողություններից։

Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, բայց մյուս քաղաքացիներն էլ ունեն ազատ տեղաշարժի, լռության ռեժիմի պահպանման և այլ իրավունքներ։

Մասնավորապես, իրավական պատասխանատվություն են առաջացնում քաղաքացիների տեղաշարժին և տրանսպորտային երթևեկությանը խոչընդոտելու դեպքերը։

Ճանապարհային երթևեկության մասնակիցը պարտավոր է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, ինչպես և կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներն ու չստեղծել վթարային իրադրություն:

Հասարակական կարգի պահպանության պարտականություններն իրականացնող ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Ոստիկանությունը կրկին հաստատում է, որ իր բոլոր գործողություններն ուղղված են հասարակական կարգի պահպանմանը և բոլո՛ր քաղաքացիների իրավունքների ու անվտանգության պաշտպանությանը։

Դարձյալ կոչում ենք սթափության, օրինահարգության և ոստիկանության հետ համագործակցության՝ հանրային անդորրը պահպանելու գործում»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում