Արցախ

ԱՀ նախագահը հերթական հանդիպումն է անցկացրել անհետ կորած և գերի զինծառայողների հարազատների հետ

2 րոպեի ընթերցում

ԱՀ նախագահը հերթական հանդիպումն է անցկացրել անհետ կորած և գերի զինծառայողների հարազատների հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 2-ին, տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով անհետ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատների հետ հերթական հանդիպումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի ղեկավարը նրանց ուշադրությանն է ներկայացրել վերջին օրերի ընթացքում կատարված որոնողական աշխատանքների արդյունքները և նշել, որ ամենօրյա պարբերականությամբ շարունակվում են այդ ուղղությամբ բանակցություններն Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի պատասխանատուների հետ:

Նախագահ Հարությունյանը լսել է նաև ներկաների առաջարկությունները և վստահեցրել, որ բոլոր ջանքներն ուղղված են մեր զինծառայողների ճակատագրերը պարզելուն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղեկատվական կապն ավելի արդյունավետ դարձնելու և զինծառայողների մասին ճշգրտվող յուրաքանչյուր տեղեկություն օպերատիվ կերպով հարազատներին հաղորդելու վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարներ Վաղարշակ Հարությունյանն ու Միքայել Արզումանյանը, ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ինչպես նաև ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում