Քաղաքականություն

Ֆրանսիան հավատարիմ է ԼՂ հակամարտության կայուն կարգավորմանը հասնելու ջանքերին. Ֆրանսիայի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիան հավատարիմ է ԼՂ հակամարտության կայուն կարգավորմանը հասնելու ջանքերին. Ֆրանսիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Հանրապետությունը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորմանը հասնելու ջանքերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարությունում, որում անդրադարձ է կատարվել Ֆրանսիայի Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագծի ընդունմանը:

«Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` մեր պարտականությունն է աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համաձայնեցված լուծման ուղղությամբ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցի շուրջ, և այդ բանակցությունների ելքը չի կարելի նախապես և միակողմանիորեն որոշել»,- ասված է հայտարարությունում:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն նշում է, որ այսօր իր առաջնային խնդիրը պետք է լինի հակամարտության հետևանքով տեղահանված անձանց անվտանգ վերադարձի ապահովումը։

«Ֆրանսիան նախկինի պես հավատարիմ է հակամարտության կայուն կարգավորման հասնելուն՝ հաշվի առնելով տարածաշրջանի ժողովուրդների անվտանգության և արժանապատվության հարգման պահանջները։ Ֆրանսիան այսուհետ ևս կանի հնարավորը Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման համար»,- նշել է ԱԳՆ-ն:

Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը: Սենատի նիստի ընթացքում պատգամավորները կառավարությանը կոչ արեցին գործել, կանգնել հայ ժողովրդի կողքին ու ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Բանաձևը ներկայացրել էին սենատորներ Բրունո Ռետայոն, Պատրիկոի Մաննեն, Էրվե Մարսելը, Ալիան Աղասսին և Գիլյոմ Գոնտարդը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում