Հասարակական

ՀՀ զինվորական դատախազը Արցախում հանդիպել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ զինվորական դատախազը  Արցախում հանդիպել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանն աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն, որի շրջանակում կայացել են մի շարք հանդիպումներ և քննարկումներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Մասնավորապես՝ ՀՀ զինվորական դատախազի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական գործողությունները դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո ԱՀ-ում զինված ուժերի և կայազորների զինվորական դատախազությունների գործակցության, հաստատված նոր իրադրության պայմաններում կայազորների դատախազությունների բնականոն գործունեության ապահովման խնդիրներին առնչվող հարցեր:

Վահե Հարությունյանը Ստեփանակերտում հանդիպումներ է ունեցել նաև ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազի առաջին տեղակալ, գնդապետ Դմիտրի Շուվարկինի և Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ:

Քննարկվել են Արցախում ներքին հանրային բնականոն կյանքի վերականգնման, հումանիտար ճգնաժամի վերացման, արցախցիների կյանքի, տեղաշարժի և մյուս կենսական իրավունքների պաշտպանության, անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող և իրականացվելիք աշխատանքները, այդ շրջանակներում իրավական ոլորտում համագործակցության կառուցակարգերն ու եղանակները: Անդրադարձ է կատարվել նաև Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմին իրավական աջակցության ցուցաբերման, զինծառայողների իրավասությունների և պարտականությունների շրջանակներին առնչվող հարցեր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում