Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ օդային տարածքում ռուսական ինքնաթիռ են խոցել. ԼՐԱՑՎՈՂ
3 րոպեի ընթերցում
![Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ օդային տարածքում ռուսական ինքնաթիռ են խոցել. ԼՐԱՑՎՈՂ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/11/1034430.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել է Հայաստանի տարածքում ռուսական ինքնաթիռի խոցման մասին լուրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է «ՌԻԱ նովոստի»-ն:
Նշվում է, որ ռուսական Ми-24 ուղղաթիռը վթարվել է Հայաստանում՝ Երասխ բնասկավայրի մոտ, ուղղաթիռը ենթարկվել է շարժական զենիթահրթիռային համակարգի կրակային ազդեցության:
«Նոյեմբերի 9-ին ռուսական 102-րդ ռազմական բազայի ավտոշարասյանն ուղեկցող Ми-24 ուղղաթիռը գետնից ենթարկվել է շարժական զենիթահրթիռային համակարգի կրակային ազդեցության Հայաստանի օդային տարածքում՝ Երասխ բնակավայրի մոտակայքում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանին մոտ: Խոցվելու հետևանքով ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել է Հայաստանի տարածքում լեռնային տեղանքում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ռուսական 102-րդ ռազմական բազայի հրամանատարությունը ճշտում է, թե ով է կրակ արձակել ռուսական ուղղաթիռի ուղղությամբ:
ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է, որ ուղղաթիռի վթարի հետևանքով ըստ նախնական տվյալների կա 2 զոհ:
20:56.Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը «Սպուտնիկ Արմենիա»-ին տված հարցազրույցում նշել է, որ հայկական կողմը ռուսական կողմին կտրամադրի անհրաժեշտ ողջ աջակցությունը ռուսական օդատիեզերական ուժերի ուղղաթիռի վթարի հանգամանքները պարզելու հարցում: Ստեփանյանի խոսքով՝ հայկական կողմը տեղեկատվական և փորձագիտական բոլոր ռեսուրսներով կհամագործակցի ողբերգության հանգամանքները պարզելու նպատակով:
21:20 -Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ ռուսական ուղղաթիռը խոցվել է Հայաստանի օդային տարածքում մարտական գործողությունների գոտուց դուրս:
21:28 - Ադրբեջանական կողմը խոստովանել է իր զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության օդային սուվերեն տարածքում ՀՀ դաշնակից Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի ուղղաթիռը խոցելու փաստը՝ նշելով, որ«այն պատահականության արդյունք է և ուղղված չէր ռուսական կողմի դեմ»: Ադրբեջանը ներողություն է խնդրել ռուսական կողմից ու հայտնել, թե պատրաստ է փոխհատուցում տրամադրել: