Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 2210 նոր դեպք. ապաքինվել է 1647 քաղաքացի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոյեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 101 773 դեպք, որոնցից 61 782 -ն` առողջացած: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 38088 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 5202 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 428 687 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 2210 նոր դեպք և 1647 առողջացած։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1506 (ավելացել է ևս 30-ով) դեպք: Արձանագրվել է նաև մահվան 7 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 397 է:
Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:
Լիլիթ Դեմուրյան