Առաջնագծում լարվածությունը պահպանվում է. հիմնականում ընթանում են օջախային մարտեր

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում լարվածությունը պահպանվում է, ընթանում են հիմնականում օջախային մարտեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները ռազմաճակատի տարբեր ուղղություններով: Բացի ռազմաճակատում տիրող մարտական գործողություններից, նաև օրվա ընթացքում հրթիռակոծվել են Արցախի տարբեր բնակավայրերը: Այդ թվում՝ Մարտակերտ քաղաքը՝ հարակից բնակավայրերով և Բերձոր քաղաքը՝ հարակից բնակավայրերով: Երեք արկ ընկել է Բերձորի տարածաշրջան»,- ասաց Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ օրվա ընթացքում հատկապես թեժ են եղել կենտրոնականից հարավ ընկնող Շեխեր, Ջիվանիկ և հարակից գյուղերում դիվերսիոն ներթափանցման գործողություններ իրականացրած ադրբեջանական հրոսակախմբերի ու դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները:

«Այս ուղղությամբ կան հստակ հաջողություններ: Գրեթե լիովին մաքրվել է Շեխեր բնակավայրը, իր հարակից անտառներով, որոշ տեղերում չեզոքացման աշխատանքները շարունակվում են: Այսօր հարավային ուղղությամբ գրեթե ողջ օրը ստորաբաժանումները փորձել են գրոհել Որոտանի ուղղությամբ, մի քանի փորձ տապալվել է, զգալի կորուստներ կրելով հետ են շպրտվել, որոշ ստորաբաժանումներ կազմալուծվել են՝ կորցնելով զրահատեխնիկան, դիմել են փախուստի: Լարվածությունը պահպանվում է, հիմնական մարտերն ընթանում են օջախային, տարբեր ճանապարհների, գետերի, հանգույցների շուրջ փորձում են հարձակումներ իրականացնել, որոնք չեզոքացվում են մեր ԶՈՒ-ի կողմից»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Որոշումը կայացվել էր՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը դարձյալ կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրետակոծել առաջնագիծը:

Նորայր Շողիկյան

Հայերեն English Русский

Տոսկանակում ընդունել են էվթանազիայի մասին օրենք

Թուրքիայի տրանսպորտի նախարարը տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման կոնտեքստում խոսել է իրանական այլընտրանքի մասին

ԱԺ-ն ընդունեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը

ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային խորհուրդը մշտական հանձնաժողովներում ներկայացուցիչներ առաջարկելու հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԵՄ-ին ՀՀ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի քվեարկությանը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը

Ռեյգանի անվան օդանավակայանի մոտ կարգելեն ուղղաթիռների թռիչքներն ավիավթարից հետո. The Wall Street Journal

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պաղեստինցիներին Գազայից արտաքսելու ծրագիրը կձախողվի

Թրամփն աշխատանքից ազատել է USAID-ի գլխավոր տեսուչին

Գազայի վերականգնումն անհրաժեշտ է առանց բնակիչների տարհանման․ Հորդանանի թագավորը՝ ԱՄՆ նախագահին