Քաղաքականություն

Հունաստանի արտգործնախարարն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին

3 րոպեի ընթերցում

Հունաստանի արտգործնախարարն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հայաստանի և Հունաստանի Արտաքին գործերի նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մենք այսօր ունեցանք արդյունավետ ու կառուցողական քննարկում մեր ընդգրկուն օրակարգի շուրջ: Մեր հանդիպումը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ Արցախում մեր հայրենակիցները կանգնած են գոյութենական վտանգի առջև: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հունաստանի իմ գործընկերոջը՝ այս իրավիճակում Հայաստան այցելելու և իր համերաշխությունը հայ ժողովրդին հայտնելու համար: Մեր տարածաշրջանները՝ Արևելյան միջերկրականն ու Կովկասը, այս պահին բախվում են նույն սպառնալիքին, որի հիմքում Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունն է»,- ասաց Մնացականյանը:

ՀՀ արտգործնախարարը նշեց, որ Հայաստանի և Հունաստանի հարաբերությունն ավանդաբար աչքի են ընկել ջերմությամբ ու բարեկամական բնույթով:

«Մեր երկու բարեկամական հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով: Շատ կարևոր է, որ մեր երկրները միջազգային օրակարգի բազմաթիվ հարցերի շուրջ ունեն համահունչ մոտեցում: Մեր երկկողմ հարաբերությունները նաև կարևորվում են Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում