Հասարակական

ՀՕՊ զորքերը 18 օրվա ընթացքում խոցել են հակառակորդի ավելի քան 180 օդային հարձակման միջոց

2 րոպեի ընթերցում

ՀՕՊ զորքերը 18 օրվա ընթացքում խոցել են հակառակորդի ավելի քան 180 օդային հարձակման միջոց

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակաօդային պաշտպանության զորքերն Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների 18 օրվա ընթացքում խոցել են հակառակորդի ավելի քան 180 օդային հարձակման միջոց: «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասուլիսում այս մասին ասաց Հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալ-Շտաբի պետ Գարիկ Մովսեսյանը:

«18 օրվա մարտական գործողությունների արդյունքում մեր կողմից խոցվել է հակառակորդի ավելի քան 180 օդային հարձակման միջոց, այդ թվում, հաստատված տվյալներով, 15 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ և տարբեր բնույթի ԱԹՍ-ներ»,- ասաց Մովսեսյանը:

Գնդապետ Մովսեսյանը հավելեց, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են, որպեսզի ՀՕՊ-ը լինի ինքնաբավ, կարողանա կատարել օդային սահմանների պաշտպանության և պահպանության մարտական խնդիրները:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր:

Նորայր Շողիկյան

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում