Սփյուռք

Ուկրաինայի հայ համայնքր ակտիվորեն աջակցում է Հայաստանին

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի հայ համայնքր ակտիվորեն աջակցում է Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմի առաջին օրից սկսած Ուկրաինայում հայերի միությունը ստեղծել է արտակարգ շտաբ, որի նպատակն է մոբիլիզացնել համայնքի բոլոր ռեսուրսները և օգնել Արցախին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը:

«Կիեւում մոբիլիզացրեցինք մեր բոլոր ռեսուրսները, կազմակերպեցինք դրամահավաք և հումանիտար օգնություն: Այնուհետեւ Երեւանում իր աշխատանքը սկսեց Ուկրաինայի հայերի միության շտաբը՝ համատեղ գործողությունների համակարգման եւ ռազմական ագրեսիայի ժամանակ տուժած քաղաքացիներին օգնելու համար»,- ասաց Մկրտչյանը՝ հավելելով, որ աշխատանքներն ավելի արդյունավետ կատարելու համար Ուկրաինայի հայերի միության պատվիրակությունը՝ նախագահ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ այցելեց Երեւան:

Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալի խոսքով` աշխատանքային խմբի մեջ են մտել Ուկրաինայի մարզային հայ համայնքների նախագահներ, Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Հայաստանից կամավորներ:

«Արդեն Ուկրաինայի հայ համայնքի կողմից ձեռք են բերվել շտապօգնության ավտոմեքենաների մեծ խմբաքանակ, էլեկտրոգեներատորներ, բժշկական պարագաներ, ձմեռային հագուստ և կոնկրետ նշանակության այլ միջոցներ: Այս պահին ընդհանուր առմամբ հարյուրավոր տոննաներով բեռ է եկել: Ուկրաինայի հայ համայնքը օրական 1800 հոգու ամենօրյա սննդի ապահովման խնդիր է լուծել, իսկ հարյուրավոր Արցախից տեղափոխվածներ ապահովվել են կացարաններով»,- ընդգծեց Մկրտչյանը:

Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալի խոսքով` տուժածները ամեն օր ստանում են իրենց սննդի ծանրոցները , ինչպես նաև հիգիենայի պարագաներ:

«Այդ օգնությունը շարունակական բնույթ է կրելու»,- եզրափակեց Մկրտչյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում