ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սարդարապատի քաջեր», «Զարթի՛ր լաո», «Էրզրումի երգ», «Կիլիկիա», «Գետաշեն» և մի շարք այլ ռազմահայրենասիրական երգերի կատարմամբ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբը, երգչախումբը և Գյումրիից ժամանած երաժիշտները փորձեցին ոգևորել հայոց բանակի թիկունքում կանգնած հայ հասարակությանն ու այն զինվորներին, որոնք ռազմի դաշտում պաշտպանում են մեր հայրենիքը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Միացե՛ք՝ մի երգ, մի զարկ դառնանք»համերգ-կոչը տեղի ունեցավ հոկտեմբերի 14-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիմաց:
Մինչ համերգի մեկնարկը մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին ռազմաճակատում ընկած հերոսների հիշատակը:
«Այս նախաձեռնության հեղինակը կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Նատալի Գալստյանինն է, որի որդին այժմ առաջնագծում է: Որոշեցինք հարգանքի տուրք մատուցել այն բոլոր զինվորներին, որոնք զոհվել են և խրախուսել, ոգևորել այն զինվորներին, որոնք առաջնագծում են: Մենք շատ կարևոր օրեր ենք ապրում, և սա խորհրդանշական միջոցառում է»,-նշեց կոնսերվատորիայի ուսումնական գծով պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանը:
Նա ընդգծեց, որ հնչող ռազմահայրենասիրական երգերի մեծ մասը գրվել է հենց առաջնագծում տարբեր պատերազմների ժամանակ:
Գյումրու հայորդաց տան երգչախմբի խմբավար Սոնա Զառաֆյանն էլ ասաց, որ շատ են ցանկացել նմանատիպ նախաձեռնություն իրականացնել Գյումրիում: «Անհրաժեշտ էր կազմակերպել որևէ միջոցառում, որը կոգևորի զինվորին, հասարակությանը: Մարդիկ պետք է հասկանան, որ մենք միասնական ենք և հաղթելու ենք»,-նշեց Զառաֆյանն ու հայ զինվորներին մաղթեց քաջություն:
Միջոցառումն իրականացվեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախաձեռնությամբ՝ Երևանի քաղաքապետարանի, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի աջակցությամբ։