Քաղաքականություն

Նիդերլանդների խորհրդարանը Թուրքիայի ռազմատենչ հռետորաբանությունը դատապարտող բանաձև է ընդունել

3 րոպեի ընթերցում

Նիդերլանդների խորհրդարանը Թուրքիայի ռազմատենչ հռետորաբանությունը դատապարտող բանաձև է ընդունել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել, որով կառավարությանը կոչ է արել դատապարտել Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանին խրախուսող Թուրքիայի ռազմատենչ հռետորաբանությունն ու գործողությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` բանաձևն ընդունվել է Նիդերլանդների Թագավորության Սոցիալիստական կուսակցության (SP) անդամ Սադեթ Կարաբուլութի նախաձեռնությամբ:

Խորհրդարանը, հարցի քննարկումից հետո արձանագրելով, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները կրկին մեծ ինտենսիվությամբ բռնկվել են, արձանագրելով, որ Թուրքիան իր ագրեսիվ պատերազմական լեզվով խրախուսում է Ադրբեջանին` շարունակել պատերազմը, գտնելով, որ հակամարտության մեջ անմիջականորեն և անուղղակիորեն ներգրավված բոլոր կողմերը պետք է աշխատեն նախ հրադադարի ռեժիմի և բանակցային սեղան վերադառնալու ուղղությամբ, կոչ է անում կառավարությանը` դատապարտել Թուրքիայի ռազմական հռետորաբանությունը և ԵՄ-ի համատեքստում Թուրքիային կոչ անել աշխատել հրադադարի և բանակցությունների ուղղությամբ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի զինուժը թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ից ավելին: Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հայկական կողմից զոհվել է 350 զինծառայող և կամավորական:

Հայկական կողմը ոչնչացրել է հակառակորդի 4 069 զինծառայողի և ահաբեկչի: Թշնամու կորուստներն են՝ 145 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 496 միավոր զրահատեխնիկա և 4 ՏՈՍ:

Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադականները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադականների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում