Հաղթելու ենք. արցախցի Անի Պետրոսյանը փայլուն է ներկայացրել Հայաստանը մանկական «Նոր ալիք»-ում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանկական «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում «Dance Monkey» երգի փայլուն կատարմամբ Հայաստանը ներկայացրել է արցախցի երգչուհի Անի Պետրոսյանը, որն իր ելույթն սկսել է «Հաղթելու ենք» արտահայտությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին Ղրիմում:

Տասնամյա երգչուհու պրոդյուսեր, «Արցախի ձայներ» երաժշտական նախագծի գեղարվեստական ղեկավար Լիրա Քոչարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել, որ շատ գոհ է Անիի ելույթից: Նա հայտնել է, որ երգի ընտրությունը կատարել են «Նոր ալիք» մրցույթի պրոդյուսերները: «Հոկտեմբերի 8-ին Անին կատարելու է «Մամա» երգը: Չկան բառեր, որոնք կարող են նկարագրել, թե ինչ է այդ բառը մեզ համար նշանակում, հատկապես այս օրերին»,- գրել է Քոչարյանը:

Լիրա Քոչարյանն ընդգծել է, որ խաղաղ ժամանակներում բազմաթիվ հայերի ուշադրությունը սևեռված կլիներ այդ պայծառ իրադարձության վրա: «Մոսկվա պետք է մեկնեինք սեպտեմբերի 27-ին, և հենց այդ օրն ամեն ինչ սկսվեց: Ոչ մի կերպ չէի ցանկանում մեկնել, սակայն մեր երկրի ղեկավարությունը որոշեց, որ ռուսական հրաշալի մրցույթին մասնակցելն անհրաժեշտ է: Նրանք ամեն ինչ արել են թռիչքի թույլտվություն ստանալու համար»,- պատմել է Լիրա Քոչարյանն ու շնորհակալություն հայտնել բոլոր աջակիցներին:

Լիրա Քոչարյանը տեղեկացրել է, որ ինքը չի մեկնել մրցույթին, բայց որպես հատուկ հյուր այնտեղ է երգիչ Միշան, որին շատերը ճանաչում են «Փոքրիկ ղարաբաղցի» երգով: «Աշխարհի բոլոր երեխաները պետք է ստեղծագործեն, այլ ոչ թե պատսպարվեն թաքստոցներում կամ կասետային ռումբերի զոհ դառնան»,- շեշտել է պրոդյուսերն ու հավելել, որ երաժշտությունը, մշակույթը նույնպես պայքարի հզոր զենքեր են:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործմանփաստեր:

Հայերեն