ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով, եթե միջազգային հանրությունը ցանկանում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավելի մեծ մասշտաբներ ձեռք չբերի, ապա պետք է վճռականորեն ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասել է «Euronews»-ին տված հարցազրույցում:
«Լեռնային Ղարաբաղի հայությունը հենց այս պահին գտնվում է գոյութենական սպառնալիքի ներքո, որովհետև ԼՂ բոլոր բնակավայրերը ենթարկվում են անընդհատ հրթիռային հարվածների: Եթե մենք ուզում ենք կանգնեցնել հումանիտար աղետը, եթե մենք ուզում ենք կանգնեցնել այս հակամարտության ավելի մեծ մասշտաբների վերածվելը, միջազգային հանրությունը պետք է վճռականություն ցուցաբերի և ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- ասել է Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ Արցախի Պաշտպանության բանակի կողմից Ադրբեջանի ռազմական օբյեկտներին ուղղված հարվածները եղել են ի պատասխան Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակավայրերի հրթիռակոծության և կրել են բացառապես ինքնապաշտպանական բնույթ:
«Հարվածներ հասցրել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը, և ԼՂ կառավարությունը հստակ պարզաբանումներով է հանդես եկել, որ այդ պատասխան հարվածը հասցրել է միայն անհնարինության բերումով, որովհետև դա է միակ ճանապարհը եղել, որպեսզի փորձեն կանգնեցնել Ադրբեջանի կողմից ձեռնարկված հրթիռակոծությունները ԼՂ բնակավայրերին»,- նշել է վարչապետը:
Փաշինյանը հավելել է, որ հայկական կողմը ցանկանում է խաղաղություն, սակայն դա չի նշանակում, որ պետք է կանգնի և սպասի, թե ինչպես են իրեն ենթարկելու ցեղասպանության:
«Ղարաբաղի գործողությունները բացարձակապես ինքնապաշտպանական են: Մենք ունենք միայն հայ ժողովրդին հերթական ցեղասպանությունից պաշտպանելու, ինքնապաշտպանական նպատակ»,- ասել է Փաշինյանը:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ից ավելին: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 320 զինծառայող և կամավորական:
Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաևՌուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրըԱՄՆ Պաշտպանության նախարարությունից:Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադիստների: