Քաղաքականություն

Ժնևում վաղը ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված չէ. Աննա Նաղդալյան

3 րոպեի ընթերցում

Ժնևում վաղը ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված չէ. Աննա Նաղդալյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հերքել է մամուլում տարածվող այն լուրերը, թե վաղը Ժնևում կայանալու է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Նաղդալյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Մամուլում տարածվող լուրերը, որ վաղը՝ հոկտեմբերի 8-ին, Ժնևում կայանալու է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, չեն համապատասխանում իրականությանը. նման հանդիպում նախատեսված չէ: Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն է, որ չի կարող լինել այնպիսի իրավիճակը, որ մեկ ձեռքով բանակցություններ վարվեր, իսկ մյուս ձեռքով՝ վարվեն ռազմական գործողություններ Արցախի և Հայաստանի դեմ: Ներկա պահի հրամայականն է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական լայնածավալ ագրեսիայի դադարեցումը»,- գրել է Նաղդալյանը:

ԱԳՆ մամուլի խոսնակը հավելել է, որ ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ մշտական կապի մեջ է:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ից ավելին: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 320 զինծառայող և կամավորական:

Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաևՌուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրըԱՄՆ Պաշտպանության նախարարությունից:Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադիստների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում