Հասարակական

Էրդողանը ցանկանում է Արցախի դեմ պատերազմում ահաբեկչական նոր խմբավորում ներգրավել. Վահրամ Պողոսյան

3 րոպեի ընթերցում

Էրդողանը ցանկանում է Արցախի դեմ պատերազմում ահաբեկչական նոր խմբավորում ներգրավել. Վահրամ Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետախուզության տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվածություն է ձեռք բերել Աֆղանստանի Իսլամական կուսակցության առաջնորդ Գուլբեդդին Հիքմեթիյարի հետ Արցախի դեմ պատերազմում ահաբեկչական նոր խմբավորումների ներգրավման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Ըստ աղբյուրի, վարձկան-ահաբեկիչներն առաջիկա օրերին կտեղափոխվեն Ադրբեջան: Եվս մի անհերքելի փաստ, որ թուրքական իշխանություններն ամենաբարձր մակարդակով տարածաշրջանը փորձում են վերածել ահաբեկչական որջի»,- գրել է Պողոսյանը:

Մամուլի խոսնակը հավելել է, որ Գուլբեդդին Հիքմեթիյարն աֆղանական զինյալ է, 1990-ականներին երկու անգամ կարճատև զբաղեցրել է Աֆղանստանի վարչապետի պաշտոնը։ 2003 թվականին ԱՄՆ կողմից հայտարարվել է որպես ահաբեկիչ և մտնում է ՄԱԿ սև ցուցակի մեջ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ից ավելին: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 320 զինծառայող և կամավորական:

Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաևՌուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրըԱՄՆ Պաշտպանության նախարարությունից:Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադիստների:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում