Քաղաքականություն

ԵՄ-ն կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններ սկսել առանց նախապայմանների

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններ սկսել առանց նախապայմանների

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին առանց նախապայմանների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին Եվրախորհրդարանի անդամների առջև ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Սրանք 1993-1994 թթ. ի վեր ամենամեծ բախումներն են: Մենք վերջին օրերին շատ ակտիվ ենք այս ոլորտում: Ես հնարավորություն ունեցա զրուցելու Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ, նրանց կոչ արեցի դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղան: Մեր դիրքորոշումը պարզ է. մենք կարծում ենք, որ մարտերը պետք է դադարեցվեն, և կողմերը պետք է վերսկսեն բանակցությունները՝ առանց որևէ նախապայմանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- ասել է Բորելը:

Նա հավելել է նաև, որ այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 280 զինծառայող և կամավորական:

Ադրբեջանի կորուստները հոկտեմբերի 6-ի ժամը 21:00-ի դրությամբ կազմել է 3754 զոհ. 127 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 416 միավոր զրահատեխնիկա, 4 հատ «Սմերչ»:

Պատրաստեց Աննա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում