Քաղաքականություն

ՄԽ համանախագահները վերահաստատել են Լավրովի, Պոմպեոյի և Լը Դրիանի հայտարարությունը

2 րոպեի ընթերցում

ՄԽ համանախագահները վերահաստատել են Լավրովի, Պոմպեոյի և Լը Դրիանի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի Եվրոպայի և Արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի համատեղ հայտարարությունը, որով ամենավճռական ձևով դատապարտվել է բռնության էսկալացիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները` Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի Եվրոպայի և Արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն, ամենավճռական ձևով դատապարտել են աննախադեպ և վտանգավոր բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածքում և դրա սահմաններից դուրս:

Նախարարները միանշանակորեն ընդգծել են, որ վերջին հարձակումները, որոնց նպատակը ենթադրաբար քաղաքացիական օբյեկտներն էին` ինչպես շփման գծի երկայնքով, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի տարածքներում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց դուրս, ինչպես նաև նման հարձակումների անհամաչափությունն անընդունելի սպառնալիք են տարածաշրջանում կայունության համար:

Վկայակոչելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների ղեկավարների հոկտեմբերի 1-ի հայտարարությունը՝ նախարարները կրկին կոչ են արել հակամարտության կողմերին անհապաղ և անվերապահորեն հաստատել հրադադարի ռեժիմը:

Համանախագահող երկրները հաստատակամ են լիովին իրականացնել իրենց վրա դրված ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության մանդատը՝ Մինսկի խմբի անդամ երկրների աջակցությամբ։ Այդ մանդատի համաձայն՝ նրանք կշարունակեն հետևողականորեն մեծացնել փոխգործակցությունը կողմերի հետ՝ կոչ անելով նրանց առանց հապաղելու ստանձնել կարգավորման գործընթացը վերսկսելու պարտավորությունները ՝ գոյություն ունեցող հիմնարար սկզբունքների և համապատասխան միջազգային փաստաթղթերի հիման վրա, որոնք քաջ հայտնի են երկու կողմերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում