ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը կարծում է, որ Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրից արցախցի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը հանելն անարդար է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Հարությունյանը գրառում է կատարել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
«Ես միշտ մեծ հարգանքով եմ վերաբերվել Մոսկվայի միջազգային կինոփառատոնին, որի կազմակերպիչների և ղեկավարների շրջանում կան մարդիկ, որոնց իմ ընկերներն եմ համարում: Ներկա եմ եղել կինոփառատոնին թե’ որպես մասնակից, թե’ որպես հյուր, թե’ որպես ժյուրիի անդամ, բայց այսօր ես բացարձակ համաձայն չեմ փառատոնի ոչ մրցութային ծրագրից Ջիվան Ավետիսյանի ֆիլմը հանելու որոշման հետ»,-գրել է նա ու ընդգծել, որ արվեստը չի կարող քաղաքական մանիպուլյացիաների խաղաքարտ լինել, հատկապես, եթե կինոնկարը ազգամիջյան ատելություն չի քարոզում:
Հարություն Խաչատրյանի համոզմամբ`այսօր, ինչպես երբևէ, կարևոր է չշրջանցել նմանօրինակ անարդարությունը: Նա ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի գործընկերներին կոչ է արել իրենց կարծիքը հայտնել կատարվածի վերաբերյալ:
Ավելի վաղ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշել էր, որ Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրից հանելու գործում տեսնում է Ադրբեջանի միջամտությունը:
Նա շեշտել էր, որ պահանջելու են պարզաբանում, որովհետև մեծ ակնկալիքներ ունեն փառատոնի ղեկավարներից, կարծում են, որ ոչինչ չի կարող ստիպել նրանց նման սադրանքի գնալ:
«Դրախտի դարպասը» ֆիլմի գլխավոր հերոսը եվրոպացի լուսանկարիչ-լրագրող է, որը փորձում է սահուն գործունեություն ծավալել, բայց «սայթաքում է», ինչը վերածվում է դրամայի: 2016 թվականին նա վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունքը, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, որին 1992 թվականին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները:
Ֆիլմի գլխավոր դերերումհանդես են եկել գերմանացի հայտնի դերասան Ռիխարդ Զամելը, Տատյանա Սպիվակովան՝ Ֆրանսիայից, Լեոնարդաս Պոբեդոնոսցովասը՝ Լիտվայից, Սոս Ջանիբեկյանը՝ Հայաստանից, Նաիրա Զաքարյանը՝ ԱՄՆ-ից:
«Դրախտի դարպասը» կինոնկարի երևանյանպրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերի 17-ին:
Անժելա Համբարձումյան