Քաղաքականություն

Ճապոնիան կոչ է անում ԼՂ-ում դադարեցնել կրակը և երկխոսություն սկսել

2 րոպեի ընթերցում

Ճապոնիան կոչ է անում ԼՂ-ում դադարեցնել կրակը և երկխոսություն սկսել

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի իշխանությունները կոչ են անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված կողմերին դադարեցնել ռազմական առճակատումը և նստել բանակցությունների սեղանի շուրջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն:

«Մենք կոչ ենք անում բոլոր մասնակից կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները, դրսևորել առավելագույն զսպվածություն և սկսել երկխոսություն»,- նշել է նա:

Կատոն նաև նշել է, որ Ճապոնիայի կառավարությունը լրջորեն անհանգստանում է տարածաշրջանում ընթացող ռազմական բախումներից, որոնց հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ: «Մենք շարունակելու ենք ուշադրությամբ հետևել իրավիճակի զարգացումներին»,- հավելել է նա:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 920 կորուստ և 2100 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 84 ԱԹՍ, 8 ուղղաթիռ, 166 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 1 «Սմերչ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում