Մշակույթ

Արցախցի ռեժիսորի ֆիլմը հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրից

4 րոպեի ընթերցում

Արցախցի ռեժիսորի ֆիլմը հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրից

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» գեղարվեստական կինոնկարը, որն արծարծում է արցախյան թեման, հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Նա հիշեցրել է, որ «Դրախտի դարպասը» ֆիլմն արտադրվել է Լիտվայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Իտալիայի և Ավստրիայի հետ համատեղ: «Այսօր Ջիվան Ավետիսյանի, ոլորտի պատասխանատուների հետ քննարկելու ենք այս ուղղությամբ մեր համատեղ քայլերը: Վստահ ենք, սակայն, որ մերժելի և արատավոր մոտեցում է արվեստի պատեհական քաղաքականացումը, մասնագիտական և գեղարվեստական խնդիրների ու չափանիշների ոտնահարումը՝ ինչ-ինչ շահերից ելնելով: Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,-ընդգծել է փոխնախարարը:

Ավելի վաղ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ֆիլմի ռեժիսորը՝ Ջիվան Ավետիսյանը, պատմել էր, որ որքան էլ փորձում են արվեստով առաջնորդվել, միևնույն է, հայտնվում են քաղաքական դաշտում: Ավետիսյանի խոսքով՝ գեղարվեստական գրականությունը, ֆիլմերը, առհասարակ, արվեստը սահմաններ չունեն: «Քիչ չեն օրինակները, երբ բռնացել են այս կամ այն գեղարվեստական արժեք ներկայացնող ստեղծագործությունը ի չիք դարձնելու համար, սակայն եթե այն գեղարվեստական արժեք է իրենից ներկայացնում, ապա վստահորեն ապրելու է և գտնելու է իր տեղը։ Մեր հարևանները փորձել են «YouTube»-ում արգելափակել «Դրախտի դարպասը» ֆիլմի թրեյլերը, եթե նույնիսկ դա նրանց հաջողվի, միևնույն է, ֆիլմնապրելու է՝ շարունակելով ցուցադրություններն ամբողջ աշխարհում։Մենք հավատարիմ ենք մնում մեր որդեգրած նպատակին՝ արվեստի բարձրարժեք գործերի ստեղծմանը»,-նշել էր Ավետիսյանը:

«Դրախտի դարպասը» ֆիլմի գլխավոր հերոսը եվրոպացի լուսանկարիչ-լրագրող է, որը փորձում է սահուն գործունեություն ծավալել, բայց «սայթաքում է», ինչը վերածվում է դրամայի: 2016 թվականին նա վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունքը, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, որին 1992 թվականին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները:

Ֆիլմում նկարահանվել են համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ։ Գլխավոր դերերում հանդես են եկել գերմանացի հայտնի դերասան Ռիխարդ Զամելը, Տատյանա Սպիվակովան՝ Ֆրանսիայից, Լեոնարդաս Պոբեդոնոսցովասը՝ Լիտվայից, Սոս Ջանիբեկյանը՝ Հայաստանից, Նաիրա Զաքարյանը՝ ԱՄՆ-ից:

«Դրախտի դարպասը» կինոնկարի երևանյան պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերի 17-ին:

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում