ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի բնակիչները, փողոցում ռազմական մեքենաներ տեսնելիս, ծածանում են թուրքական դրոշը: Հայ-ադրբեջանական հակամարտության սաստկացմանը զուգահեռ՝ գրեթե բոլոր թուրքական թերթերը ողողվում են այդ նկարներով: Սա ուղեկցվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի սպառնալիքով, թե ինքը չի լքի իր ադրբեջանցի եղբայրներին:
Թուրքիան տարիներ շարունակ Ադրբեջանի հետ ռազմավարական դաշինքի մեջ է: Այս երկու պետությունների զորքերը վերջերս հաճախ են տեղակայում իրենց միասնական զորքերը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, իբրև դրանք մասնակցում են զորավարժությունների, բայց հուլիսյան բախումները ցույց տվեցին հակառակը: Գերմանական Tagessau-ի հաղորդմամբ՝ դեռևս պարզ չէ, թե արդյո՞ք թուրքական զինված ուժերն ամբողջությամբ են դուրս եկել Ադրբեջանի տարածքից, թե՝ ոչ։ Ասում են՝ Անկարան պլանավորում է ռազմաբազա ստեղծել նաև Նախիջևանի ինքնավարությունում: Այն բնակեցված է ադրբեջանցիներով, բայց սահմանակցում է Թուրքիային:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության այս հերթական թեժացման գործում Թուրքիայի ռազմական ուժերը միանշանակ ունեն դերակատարում: Նախիջևան ոտք դնելու համար Էրդողանը առաջարկել էր Ադրբեջանի կառավարությանը նվիրաբերել 80կմ երկարությամբ գազամուղ՝ Թուրքիայից մինչև Նախիջևանի ինքնավարություն, իսկ նրանք փոխարենը պետք է Ադրբեջանից անվճար բնական գազ մատակարարեն Թուրքիա:
Էրդողանը թուրքական «BOTAS» կազմակերպությանը հանձնարարել էր այս գործը գլուխ բերել: Հայաստանը, արձագանքելով Թուրքիայի ծավալապաշտական այս ծրագրին, վերահսկողություն սահմանելու նպատակով, առաջարկել էր խողովակաշարը անցկացնել հայկական տարածքով: Եվ ահա, Անկարայի հրահրմամբ, նոր ճգնաժամ հասունացավ:
Սիրիայի վարձկանները Քաթարի և Թուրքիայի ֆինանսավորմամբ երբեմն ուղարկվում են Իրաք, Լիբիա և, իհարկե, հենց Սիրիա. նպատակը մեկն է՝ տապալել Ասադին, այդպիսով ողջ երկիրը վերցնել հսկողության տակ:
Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների հետազոտական սիրիական կայքերը, որոնք համարվում են վստահելի աղբյուրներ, գրում են, թե Թուրքիան սիրիացի վարձկաններին ուղարկել է Ադրբեջան՝ Հայաստանի դեմ կռվելու. «Առավել հավանական է, որ Սիրիացի վարձկանները ժամանել էին Թուրքիա, այլ ոչ թուրքական հսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին քաղաք»:
Ամերիկացի լրագրող Լինդսեյ Սնելը նույնիսկ հրապարակել էր տեսանյութ, որում երևում են թուրքական հովանավորությամբ գործող 1000 վարձկաններ, որոնք պետք է ուղարկվեին Ադրբեջան․ լրագրողը նշել էր, որ վարձկանների առաջին խումբը երեքշաբթի՝ սեպտեմբերի 22-ին ժամանել է Բաքու: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հերքեց դա, բայց հենց կիրակի ադրբեջանական կողմը սկսեց լայնամասշտաբ հարձակում, իսկ թուրք լրագրող Էրկին Էնկան հրապարակեց տեսանյութ՝ սիրիացիները մեկնում են Լեռնային Ղարաբաղ: Լրագրողը տեսանյութը հրապարակելուց հղում էր արել ադրբեջանական աղբյուրներին:
«Սա Էրդողանի նոր պատերազմն է» գրում է գերմանական Die Welt թերթը, հավելելով, թե Թուրքիայի նախագահը սա նախաձեռնել է ի ցույց Եվրոպայի։ ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ Էրդողանը փոխում է օրակարգը, որպեսզի Անկարայի՝ Արևելքում սադրիչ գործողություններ ձեռնարկելուն ի պատասխան ակնկալվող հնարավոր պատժամիջոցների ընդունումից ուշադրությունը շեղի դեպի Լեռնային Ղարաբաղ:
Թող Էրդողանը խաղա խաղաղություն հաստատողի իր ստանձնած դերը՝ որպես Ադրբեջանի և Հայաստանի միջև ճգնաժամ լիցքաթափող: Փաստացի Ռուսաստանը աջակցում է Հայաստանին: Էրդողանի մի քանի եվրոպական դաշնակիցներ առայժմ շարունակում են քաջալերել նրան՝ Կովկասում ռուսական առաջխաղացումը կասեցնելու համար: Թուրքիան ավելի ագրեսիվ է դառնում, մինչդեռ Ռուսաստանը փորձում է համոզել Ադրբեջանին և Հայաստանին վերադառնալ դիվանագիտական ուղի: Գերմանական Tagesschau-ն գրում է․ «Ռուսաստանն օգտագործում է չկարգավորված հակամարտությունը՝ տարածաշրջանում իր ազդեցությունն ընդլայնելու համար, քանի որ զենք է վաճառում երկու երկրներին: Բայց բաց պատերազմում Ռուսաստանը կարող է կորցնել վերահսկողությունը և դրանով դուռ բացել ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Իրանի և օրեցօր առավել շատ հետաքրքրություն ցուցաբերող Չինաստանի համար».- զգուշացնում է թերթը:
Այսպիսով, կովկասյան տարածաշրջանում Անկարայի նպատակները կապված են Արցախյան հակամարտության մեջ ռազմական ներգրավվածություն ունենալու հետ. հակամարտություն, որը սկսվել էր 1988-ին և թեժացել ԽՍՀՄ կազմալուծման հետ զուգահեռ:
Գերմանական Die Zeit-ը գրում է․ «Էրդողանը վարում է երեքուկես պատերազմ: Թուրքական ռազմական գործողությունները սկսվել են Իրաքում, տարածվում են ողջ Սիրիայով՝ մինչև Լիբիայի արևմուտք: Թուրքիայի հարաբերությունները լարված են Հունաստանի հետ»: Գերմանական թերթը շեշտում է, որ այս պատերազմները միտված են Թուրքիայի ազդեցությունը, ռազմական գերակայությունը, ռեսուրսները և ծովային սահմանները մեծացնելուն:
Անկարան որոշիչ գործոն է դարձել. Լիբիայում, Միջագետքում, Միջին Արևելքում ոչ ոք չի կարողանում հեշտորեն հաղթահարել թուրքական ռազմական ուժերը: Թուրքիան ունի նոր արտաքին քաղաքականություն, նոր զենքեր, նոր գաղափար. Անկարան վերանայում է պատմությունը՝ վերադառնալով Օսմանյան գաղութային նվաճումներին:
Թուրքական օդային ուժերը տարիներ շարունակ ռմբակոծել են Քրդական աշխատավորական կուսակցության դիրքերը, իսկ Մոսուլում և Քիրքուքում Անկարան թիրախավորում է Իրաքի նավթը: 2016 թվականից ի վեր թուրքական բանակը ներխուժել է Սիրիա՝ իբր «Իսլամական պետության» դեմ գործողություններ ծավալելու համար: Բայց իրականում թուրքական գործողությունները ծավալվեցին քուրդ զինյալների դեմ, որոնք Թուրքիայի հետ սահմանին ցանկանում էին ստեղծել պետական կառույց կամ առնվազն ինքնավարություն: Այսօր Էրդողանն իր վերահսկողության տակ է պահում հյուսիսային Սիրիայի մի զգալի մասը և նույնիսկ իր փողն այնտեղ դարձրեց պաշտոնական արժույթ:
Երրորդ և ամենավտանգավոր տարածքը Եվրոպայի համար, որտեղ Թուրքիան ուզում է ընդլայնել իր սահմանները, դա Միջերկրական ծովն է:
Մեկուկես պատերազմներից մեկն էլ Լիբիայում է, իսկ կեսը՝ Հունաստանի և Կիպրոսի դեմ. այստեղ Անկարան աչք ունի լիբիական նավթի և հունական կղզիների վրա:
Եվ երբ, եվրոպացի գործընկերները նայում են Անկարային, նրանք չեն մտածում միայն փախստականների, ԵՄ անդամակցության բանակցությունների և, երբեմն, մարդու իրավունքների անընդհատ խախտումների մասին: Նրանք չպետք է անտեսեն այն խորը փոփոխությունները, որոնք Էրդողանի մոլեռանդությունը պարտադրել է Թուրքիային վերջին տարիներին։
Միխալիս Փսիլոս
Միխալիս Փսիլոսը հույն լրագրող է որ սկսել է իր մասնագիտական գործունեությունը 1982թ․ և աշխատել է բազմաթիվ հունական լրատվամիջոցներում։ 2015-2019թթ․ եղել է Հունաստանի ազգային լրատվական գործակալության՝ Աթենա-Մակեդոնական գործակալության գլխավոր տնօրեն։ Փսիլոսը բազմափորձ միջազգային մեդիա-կառավարիչ է։
Հրապարակված է www.militarie.gr կայքում։ «Արմենպրես» գործակալությունում հրապարակվում է որոշ կրճատումներով ու խմբագրումով՝ հեղինակի թույլատվությամբ։