Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանը շփման գծում տիրող իրավիճակը ներկայացրել է Բելառուսի և Տաջիկստանի գործընկերներին

2 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանը շփման գծում տիրող իրավիճակը ներկայացրել է Բելառուսի և Տաջիկստանի գործընկերներին

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույցներ է ունեցել Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Վալերի Վակուլչիկի և Տաջիկիստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նասրուլո Մահմուդզոդայի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով:

«Քիչ առաջ հեռախոսազրույցներ ունեցա նաև Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վալերի Վակուլչիկի և Տաջիկստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նասրուլո Մահմուդզոդայի հետ:

Հեռախոսազրույցների ընթացքում անդրադարձել եմ ս.թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, Ադրբեջանի կողմից հակամարտությունը Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխելու և խաղաղ բնակչությանը թիրախավորելու փաստերին: Զուգահեռաբար, մատնանշել եմ տարածաշրջանային անվտանգության վրաբացասական ազդեցություն ունեցող Թուրքիայի՝ որպես ապակայունացնող գործոն լինելու հանգամանքը:

Ընդգծել եմ, որ Արցախի Պաշտպանության բանակը ռազմաճակատի ողջ երկայնքով, ինչպես նաև ՀՀ Զինված ուժերը մեր երկրի սահմաններն անառիկ պահելու առումով փայլուն կերպով կատարում են իրենց առջև դրված բոլոր մարտական առաջադրանքները և իրավիճակը պահում են լիակատար վերահսկողության տակ:

Բելառուսի և Տաջիկստանի անվտանգության խորհրդի քարտուղարները մտահոգություն են հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ և ընդգծել են հակամարտության միմիայն խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը»,- գրել է Արմեն Գրիգորյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում