Քաղաքականություն

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախատեսում է արտակարգ նիստում քննարկել ԼՂ իրադրությունը

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախատեսում է արտակարգ նիստում քննարկել ԼՂ իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախատեսում է երեքշաբթի՝ սեպտեմբերի 29-ին գումարել հրատապ դռնփակ խորհրդակցություններ՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպության աղբյուրը:

«Քննարկումն, ամենայն հավանականությամբ, կանցկացվի երեքշաբթի օրը՝ դռնփակ խորհրդակցության ձևաչափով», - նշել է աղբյուրը:

ՏԱՍՍ-ի տեղեկություններով՝ հանդիպումը նախաձեռնել են եվրոպական մի շարք պետություններ:

Խորհրդակցության ձևաչափը ենթադրում է, որ ներկա են լինելու միայն Անվտանգության խորհրդի 15 անդամ երկրների դիվանագետները՝ առանց հակամարտության կողմերի:

Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեինսալուն սեպտեմբերի 27-ին հայտնել էր, որ Էստոնիան, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, նախաձեռնում է խորհրդակցություններ`ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները քննարկելու համար:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 36 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 47 զրահատեխնիկա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում