Կվերանորոգվի Ազգային պատկերասրահի Մհեր Աբեղյանի մասնաճյուղը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային պատկերասրահի նախաձեռնությամբ վերանորոգվում և արդիականացվում է պատկերասրահի Մհեր Աբեղյանի մասնաճյուղը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատկերասրահի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում արված գրառման մեջ ասվում է, որ շուտով կվերաբացվեն բոլորովին նոր ցուցասրահներ՝ միջազգային չափանիշներին համապատասխանող թանգարանային լուսավորմամբ, գիտական էքսպլիկացիաներով (բացատրություններ) և նոր ցուցադրությամբ։

Արդիականացման վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կհրապարակվեն առաջիկայում:

Մասնաճյուղում ներկայացված են նկարչի յուղաներկ կտավները, պարբերաբար ցուցադրվում է նաև նրա գրաֆիկան:

Ժողովրդական նկարիչ Մհեր Աբեղյանի արվեստը ձևավորվել է 1930-1940 թվականների սկզբին գրաֆիկական, այնուհետև գեղանկարի ասպարեզում: Ստեղծագործական ողջ ուղու ընթացքում նկարիչը հավատարիմ է մնացել իր գեղարվեստական լեզվին, իր գեղարվեստական ձեռագրին` ընդլայնելով և հարստացնելով այն:

Հայերեն Русский