Իրանցի գրող Ֆարիբա Վաֆիի ստեղծագործությունները թարգմանվել են հայերեն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայերեն թարգմանությամբ լույս են տեսել Իրանի ամենից հայտնի, ինքնատիպ ու ընթերցվող գրողներից Ֆարիբա Վաֆիի ստեղծագործությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հրատարակել է հեղինակի «Նույնիսկ երբ ծիծաղում ենք» պատմվածքների ժողովածուն և «Իմ թռչունը» վեպը։ Երկու գիրքն էլ պարսկերենից թարգմանել է Գևորգ Ասատրյանը։

«Նույնիսկ երբ ծիծաղում ենք» պատմվածքների ժողովածուն, որ անուն ու մեծ ճանաչում է բերել հեղինակին, տպագրվել է 1999 թվականին և մինչև օրս չորս տասնյակից ավելի վերահրատարակություններ է ունեցել: Այն թարգմանվել է մի շարք լեզուներով: Հերոսները սովորույթների և ժամանակակից կյանքի բավիղներում հայտնված և ինքնաճանաչման ձգտող կանայք են:

«Իմ թռչունը», որ հեղինակի առաջին վեպն է, տպագրվել է 2002 թվականին և արժանացել իրանական ու միջազգային մի շարք մրցանակների: Այն 2009 թվականին թարգմանվել է անգլերեն, 2010-ին՝ իտալերեն, 2012-ին՝ գերմաներեն և 2016-ին՝ թուրքերեն: Վերնագրում հիշատակվող թռչունը հերոսուհու ուղեցույց աստղն է. նա պետք է պայքարի ու հաղթահարի իր վախերն ու տագնապները, ազատվի իր շրջապատի «ստվերներից ու ոգիներից», որպեսզի աշխարհը դարձնի այնպիսին, ինչպիսին ինքն է ցանկանում:

«Ֆարիբա Վաֆիի ստեղծագործություններն առանձնանում են իրենց պարզ, բայց կուռ ու ամբողջական կառուցվածքով: Նա մինիմալիստական է համարվում թերևս ոչ այնքան հարուստ, սահմանափակ բառապաշարի և հիմնականում կարճ ու պարզ նախադասություններ օգտագործելու պատճառով: Պարզությունը, պատմելու հանդարտ ու զուսպ, թեթևակի հեգնախառն ու փայլուն ոճը Վաֆիի արձակի ամենաբնորոշ կողմերից են: Եվ նա պարզ միջոցներով, սակայն ինքնատիպ ու հիշվող փոխաբերություններով, հստակ, վառ ու պայծառ պատկերներով արտացոլում է Իրանի ժամանակակից կյանքը, բարդ ու բազմազան իրականությունը»,- նշում է Գևորգ Ասատրյանը։

Ֆարիբա Վաֆին ծնվել է 1963 թվականին Թավրիզ քաղաքում: Ստեղծագործել է դպրոցական նստարանից: Առաջին ժողովածուն տպագրել է 1996 թվականին՝ 33 տարեկանում: Ութ վեպի և պատմվածքների մի քանի ժողովածուների հեղինակ է: Արժանացել է իրանական և միջազգային բազմաթիվ գրական մրցանակների: Նրա գրքերի մեծ մասը թարգմանվել է աշխարհի մի շարք լեզուներով՝ անգլերեն, գերմաներն, շվեդերեն, ֆրանսերեն, ճապոներեն, նորվեգերեն, թուրքերեն և այլն:

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն