Հասարակական

Կորոնավիրուսի հետ կապված զանգերը կտրուկ նվազել է. գնդապետն ամփոփեց ԱԻՆ բժիշկների կատարած աշխատանքը

4 րոպեի ընթերցում

Կորոնավիրուսի հետ կապված զանգերը կտրուկ նվազել է. գնդապետն ամփոփեց ԱԻՆ բժիշկների կատարած աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչությունը այս տարվա փետրվարից սկսած ներգրավված է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներում։Այս ընթացքում վարչության աշխատակիցները իրականացրել են կոնտակտավոր քաղաքացիների տեղափոխում մեկուսարաններ, տրամադրել են բժշկական խորհրդատվություն, ինչպես նաև մասնակցել են տարաբնույթ կանխարգելիչ միջոցառումներին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության պետ, գնդապետ Կարեն Աթոյանը։

Ըստ Աթոյանի՝ վարչությունը մշակել և արտակարգ իրավիճակների նախարարի հաստատմանն է ներկայացրել մի շարք հրամաններ` փրկարարների անվտանգությունը կորոնավիրուսից ապահովելու համար:

«Այս պահին դրությամբ՝ ԱԻՆ աշխատակիցների շրջանում ունենք 5 հիվանդ, 19 ինքնամեկուսացված անձ։ Ընդհանուր ունեցել ենք 96 հիվանդ, 407 ինքնամեկուսացված անձ»,- նշեց գնդապետը։

Աթոյանը տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում «911» ծառայության միջոցով բնակչությանը տրվել է 4882 խորհրդատվություն, որից 2245 կապված էր կորոնավիրուսի դեպքերի հետ: Բացի այդ, ըստ գնդապետի, վարչության բժիշկները և բուժաշխատողները երկու ամիս հերթապահություն են իրականացրել Առողջապահության նախարարարության թեժ գծում։

Աթոյանի խոսքով՝ սկզբնական շրջանում ազգաբնակչությունը հիմնականում տեղեկացված չէր կորոնավիրուսի մասին, որի հետևանքով կար անհագստություն և տագնապ։

«Երբ կորոնավիրուսի դեպքերի թվերը ավելանում էր, բնակչության մոտ անհանգստությունը ավելի էր մեծանում, թվերի նվազման հետ զուգահեռ լարվածությունը թուլացավ։ Բացի այդ, ազգաբնակչությունը հասկացել է, որ երկար պետք է ապրեն կորովիրուսի հետ և միակ ճանապարհը հակահամաճարակային կանոնները պահելն է, այն է՝ սոցիալական հեռավորություն պահպանելը, դիմակ կրելը և ձեռքերը ախտահանելը։ Հիմա իրավիճակը հանգիստ է, զանգերի թիվը կտրուկ նվազել է»,- եզրափակեց գնդապետ Կարեն Աթոյանը։

ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչությունը կազմավորվել է 2020 թվականի փետրվարին: Մինչ այդ գործունեությունը իրականացնում էր «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով: Վարչությունը իրականացնում է արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների, ինչպես նաև փրկարար ծառայողների, նրանց ընտանիքի անդամների և փրկարար ծառայության կենսաթոշակառուների բժշկական ապահովումը: Վարչությունը ունի ամբուլատոր պոլիկլինիկական ծառայություն, որն տարին մեկ անգամ իրականացվում է փրկարար ծառայողի դիսպանսերիզացիա և փրկարար ծառայողների նրանց ընտանիքների անդամների, կենսաթոշակառուների ստացիոնար բժշկական ապահովումը:

Վարչությունը նաև ունի շտապ և անհետաձգելի օգնության բաժին, որը զբաղվում է բնակչությանը բժշկական խորհրդատվության տրամադրմամբ, ինչպես նաև վթարների, խոշոր հրդեհների ժամանակ տեղում փրկարարների հետ միասին մասնակցում է աշխատանքներին, տուժած փրկարարներին, ինչպես նաև բնակիչներին ցուցաբերվում է բժշկական օգնություն: Վարչությունում կա 27 փրկարար ծառայողներ՝ 14 բժիշկ, 9 բուժակ և չորս վարորդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում