Հասարակական

Երևանում պայթյուն է տեղի ունեցել. դեպքի վայր են մեկնել ՀՀ վարչապետն ու ԱԻ նախարարը (լրացվում է)

3 րոպեի ընթերցում

Երևանում պայթյուն է տեղի ունեցել. դեպքի վայր են մեկնել ՀՀ վարչապետն ու ԱԻ նախարարը (լրացվում է)

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի պատճառով շենքը մասնակի փլվել է:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ահազանգը ստացվել է օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական խումբ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և Բուժապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Դեպքի վայրում են գտնվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Նախնական տվյալների համաձայն փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի․ իրականացվել է 21 քաղաքացու տարհանում։

Երկու տուժած հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

ԼՐԱՑՈՒՄ- ՀՀ վարչապետը դեպքի առնչությամբ նշել է, որփլուզումը տեղի է ունեցել Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող 4 հարկանի շենքում։

Նախնական վարակածով պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։

19 բնակիչ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։ Նախնական տվյալներով` փլատակների տակ մնացել էր 3 քաղաքացի։ Երկուսին փրկարարները դուրս են բերել։ Մեկին՝ դուրս բերեցին րոպեներ առաջ։

Փրկարարական աշխատանքները շարունակվում են։

ԼՐԱՑՈՒՄ- Ըստ նախնական տվյալների՝ փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի․իրականացվել է 19 քաղաքացու տարհանում։ Երկու տուժած հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր․տուժած Սվետլանա Ս․-ն (ծնված 1949 թ․) այժմ գտնվում է հետազոտման փուլում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության, իսկ մյուս տուժածինը (արական սեռի, մոտ 50 տարեկան)՝ ծայրահեղ ծանր: Կինոլոգիական խումբն իրականացնում է որոնողափրկարարական աշխատանքներ։

ԼՐԱՑՈՒՄ-Դեպքի վայր է այցելել նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ծանոթացել իրավիճակին: Այս պահին բուժօգնությանն առնչվող հարցերը տեղում համակարգում է նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը:Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում հերթապահում է շտապօգնության 3 մեքենա և անհրաժեշտության դեպքում տեղում օգնություն է ցույց տալիս քաղաքացիներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում