Մշակույթ

Նիկիտա Մնդոյանցը «Music 20» փառատոնը երաժշտասերների կողմից պահանջված է համարում

5 րոպեի ընթերցում

Նիկիտա Մնդոյանցը «Music 20» փառատոնը երաժշտասերների կողմից պահանջված է համարում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում ընթանում է «Music 20» առցանց միջազգային փառատոնը, որի շրջանակում հուլիսի 10-28-ը դասական երաժշտության երկրպագուները հնարավորություն են ստացել ունկնդրելու սիմֆոնիկ, կամերային համերգներ ու մենահամերգներ։ Փառատոնի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ COVID-19-ի տարածման պայմաններում փառատոնն անցկացվում է պարետատան սահմանած կանոնների պահպանմամբ։ Ավելի քան 20 երաժիշտներ են այս ընթացքում ժամանել Երևան՝ ելույթ ունենալով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճում։ Համերգային ելույթները հեռարձակվում են music20.am կայքի միջոցով, և աշխարհի տարբեր ծայրերից դասական երաժշտության սիրահարները հետևում են Հայաստանում տեղի ունեցող երաժշտական այս նախաձեռնությանը։

Փառատոնի մենակատարներից է մոսկվայաբնակ դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Նիկիտա Մնդոյանցը, որը «Արմենպրես»-ի հետ զրույցում իր տպավորություններն է ներկայացնում «Music 20» փառատոնի վերաբերյալ։

-Պարո՛ն Մնդոյանց, կորոնավիրուսով պայմանավորված՝ արտակարգ դրություն է տիրում գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում՝ մշակութային։ Հետաքրքիր է՝ ե՞րբ էիք վերջին անգամ բեմ բարձրացել։

-Իմ վերջին համերգը փետրվարին էր։ Շոպենի Դաշնամուրային երկրորդ կոնցերտն էի նվագում Ուֆայում։ Հունիսին Մոսկվայի ֆիլհարմոնիայում ձայնագրություններ էին իրականացվում, այսպես ասած, համերգներ առանց հանդիսատեսի. ձայնագրություն եմ ունեցել այդ նախաձեռնության շրջանակում։ Դա իմ առաջին բեմելն էր համավարակի հայտարարումից հետո։ Եվ հիմա Երև անում իմ երկրորդ ելույթն է՝ մեծ ընդմիջումից հետո առաջին անգամ նվագախմբի հետ, ինչը կարելի է նաև վերածնունդ անվանել։ Եվ շատ կարևոր է, որ դա տեղի է ունենում ինձ համար շատ հարազատ հողում՝ իմ պատմական հայրենիքում։

-«Music 20» առցանց փառատոնի մասին ի՞նչ կարծիք ունեք։

-Հիանալի գաղափար է։ 19 համերգ. այստեղ են գտնվում իմ շատ լավ ընկերները, գործընկերները։ Եվ միայն այն փաստը, որ 2-3 շաբաթների ընթացքում անընդմեջ հիանալի երաժիշտների կատարմամբ թևածում է դասական երաժշտություն, խոսում է այս միջոցառման կարևորության մասին։ Կարծում եմ՝ փառատոնը մեծապես պահանջված էր երաժշտասերների կողմից։

-Այս անգամ Ձեր հանդիպումը հանդիսատեսի հետ օնլայն հարթակում էր. ինչպե՞ս եք զգում` այս ձևաչափով շփվելով հանդիսատեսի հետ։

-Անկեղծ ասած՝ երբ առցանց տիրույթում մենահամերգ ես ունենում, ձայնագրության տպավորություն է ստեղծվում։ Սակայն երբ հանդես ես գալիս նվագախմբի հետ, նվագելն այնքան էլ ծանր չէ, ինչպես միայնակ տեսախցիկի առաջ ելույթ ունենալիս։ Ամեն դեպքում նվագախմբի, դիրիժորի ներկայությունն ու նվագակցությունը շատ օգնում են՝ մեղմելով իրավիճակը, վանելով մենության զգացումը բեմում։ Նման ելույթը գլխավոր փորձ է հիշեցնում, երբ հանդիսատեսի աթոռին ոչ ոք չկա, բայց դու նվագում ես համերգային տրամադրությամբ։

-Դուք համագործակցում եք Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի հետ, որը ղեկավարվում է մեր հայրենակից Կոնստանտին Իշխանովի կողմից։ Ի դեպ, այս հիմնադրամը «Music 20» փառատոնի կազմակերպիչներից է։ Ինչպե՞ս կգնահատեք հիմնադրամի գործունեությունը։

-Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի հետ համագործակցում եմ 2016 թվականից. բազմիցս եմ հանդես եկել հիմնադրամի կողմից կազմակերպված համերգներին, որոնք կայացել են Գերմանիայում, Մալթայում, Ճապոնիայում։ Ռուսաստանում նույնպես բազմաթիվ համերգներ են իրականացնում։ Իհարկե, ամեն ինչ կազմակերպում են շատ բարձր մակարդակով. լեփ-լեցուն դահլիճներ, հատուկ ընտրված երկացանկ‚ հոգատար վերաբերմունք երաժիշտների նկատմամբ և այլն։ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը կյանքի է կոչում բարձրարժեք նախագծեր, ինչը շատ կարևոր է ինչպես արտիստների, այնպես էլ ունկնդրի համար։ Եվ ես շատ ուրախ եմ, որ բախտ եմ ունեցել այս կառույցի հետ համագործակցելու։ Հուսով եմ՝ այն կլինի շարունակական։

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Մշակույթ

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Համաշխարհային ռոք հիթերը՝ փողային նվագախմբի մատուցմամբ. Գյումրիի փողային նվագախումբը հանդես եկավ բացառիկ համերգով

Մշակույթ

Համաշխարհային ռոք հիթերը՝ փողային նվագախմբի մատուցմամբ. Գյումրիի փողային նվագախումբը հանդես եկավ բացառիկ համերգով

Կամերային երաժշտության ամառային դպրոց՝ պրոֆեսոր Կրասոտինայից

Մշակույթ

Կամերային երաժշտության ամառային դպրոց՝ պրոֆեսոր Կրասոտինայից

Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքները

Մշակույթ

Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքները

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան

Մշակույթ

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան

Financial Mirror-ին տված հարցազրույցում դեսպան Մկրտչյանը կարևորել է ԼՂ-ում հայկական ժառանգության պահպանման խնդիրը, բնակչության վերադարձի իրավունքը

Քաղաքականություն

Financial Mirror-ին տված հարցազրույցում դեսպան Մկրտչյանը կարևորել է ԼՂ-ում հայկական ժառանգության պահպանման խնդիրը, բնակչության վերադարձի իրավունքը

Չինաստանում հետաքրքրված են համաշխարհային գիտությունում և մշակույթի տարբեր ոլորտներում հայ ժողովրդի թողած խորը հետքով. դեսպան Ֆան Յոն

Մշակույթ

Չինաստանում հետաքրքրված են համաշխարհային գիտությունում և մշակույթի տարբեր ոլորտներում հայ ժողովրդի թողած խորը հետքով. դեսպան Ֆան Յոն

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

Մշակույթ

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

«Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» փառատոնի ընթացքում ավելի քան քառասուն կտավ է ստեղծվել

Մշակույթ

«Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» փառատոնի ընթացքում ավելի քան քառասուն կտավ է ստեղծվել

Սպանություն, լարվածություն, բացահայտումներ. Գավառի թատրոնի բեմ կբարձրանա Ագաթա Քրիստիի «Մկան թակարդ»-ը

Մշակույթ

Սպանություն, լարվածություն, բացահայտումներ. Գավառի թատրոնի բեմ կբարձրանա Ագաթա Քրիստիի «Մկան թակարդ»-ը

Ուրուգվայում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ

Մշակույթ

Ուրուգվայում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում