Երիտասարդ ոգու և հինավուրց ավանդույթների միավորումն է յուրահատուկ դարձնում «Ոսկե ծիրանը». Էգոյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրահայտ կինոռեժիսոր, Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր խորհրդի անդամ Ատոմ Էգոյանը, որը երեկ՝ հուլիսի 19-ին տոնեց ծննդյան 60-ամյակը, տեսաուղերձ է հղել փառատոնի հանդիսատեսին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի պաշտոնական էջում տեղադրված տեսանյութում ռեժիսորը փաստում է՝ անհամբեր սպասում է նոյեմբերին՝ փառատոնի իրականացմանը։

«Ողջույն, ես Ատոմ Էգոյանն եմ: Ու նաև Ատոմ Եղոյանն եմ: Ես ուզում էի ասել, որ սա միշտ էլ հրաշալի միջոցառում է եղել: Երիտասարդ ոգու և հինավուրց ավանդույթների համադրությունն է, որ այս փառատոնն այդքան յուրահատուկ է դարձնում, և այն, որ Հայաստանն իրոք բազմապիսի քաղաքակրթությունների խաչմերուկում է գտնվում, և սա շատ յուրատիպ վայր է «Ոսկե ծիրանի» պես փառատոն անցկացնելու համար: Իմ ունեցած ամենաթանկագին իրերից է այս պարգևը, որը ես ստացել եմ փառատոնի առաջին տարում իմ «Արարատ» ֆիլմի համար: Շատ սիրում եմ այս մրցանակն ահա այս պատկերի համար: Այն շատ նորարարական է։ Արևմուտքում, երբ այսպես հաշիվ ենք պահում, սովորաբար 4 ուղղահայաց ու 1 հորիզոնական գիծ է լինում։ Եվ ես շատ եմ գնահատում, որ այս մրցանակն այդպիսի նորարար ոգի է պարունակում»,-նշում է Էգոյանը։

Նա շեշտում է՝ երբ տեսավ այս պատկերը, շատ հուզվեց։ «Ինձ համար սա խորհրդանշում է այն ամենը, ինչ այդքան արժեքավոր է մեր հայ մշակույթի մեջ՝ այն, որ մենք ջանում ենք մտածել նորովի, ջանում ենք նորարարել գաղափարները, ջանում ենք մեր ճարպկությամբ ստեղծել մի բան, որն իրոք յուրահատուկ է ու բացառիկ: Եվ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը գեղեցիկ միջոց է սա աշխարհի հետ կիսելու համար: Ու թեպետ տվյալ պահին փառատոնը ֆիզիկապես չկա (սա վիրտուալ փուլ է ողջ աշխարհի համար), ես անհամբեր սպասում եմ նոյեմբերին, որ բոլորիդ ողջունեմ, և փորձենք ֆիզիկական միջավայր վերադառնալու ձև գտնել: Իսկ այժմ ինձ համար մեծ պատիվ է երկօրյա վիրտուալ աշխատարան վարել 15 այլ կինոգործիչների հետ և շարունակել զարգացնել համընդհանուր կինեմատոգրաֆիկ այս ընտանիքը: Ընտանիք, որի անդամներն արվեստի այս հիասքանչ տեսակին են ապավինում, որ գաղափարներ, զգացմունքներ ու զգացողություններ տարածեն ու հղացնեն և փառաբանեն այդ ընթացքը»,- ասում է ռեժիսորը։

Ատոմ Էգոյանն ակտիվ մասնակցություն է ունեցել փառատոնային GAIFF PRO հարթակի աշխատանքներում։ Կինոռեժիսորն իր փորձն է կիսել հուլիսի 13-16-ն անցկացվող GAIFF PRO-ի մասնակիցների հետ, ընթերցել է C2C օնլայն շուկայի նախագծերը։ Հուլիսի 14-ին էլ անցկացվել է համեմատական քննարկում Ատոմ Էգոյանի «Օրացույց» և Եկատերինե Չելիձեի «Մեռած հոգիների արձակուրդ» ֆիլմերի շուրջ, որին մասնակցել են երկու ռեժիսորները։

Հայերեն

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը