ՄԹ ԱԳՆ-ն ընդգծել է ԼՂ հարցով բանկցությունների վերսկսման հրատապությունը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարությունը (ԱԳՆ) կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել հրադադարի խախտումները և երկխոսության մեջ մտնել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՄԹ արտաքին գործերի նախարարության խոսնակը մասնավորապես ասել է․ «Միացյալ Թագավորությունը խորապես մտահոգված է վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին հրադադարի խախտման կապակցությամբ և ցավում է մարդկային կորուստների համար։ Մենք կոչ ենք անում երկու կողմերին հարգել զինադադարը և երկխոսության մեջ մտնել՝ իրավիճակի դեէսկալացիայի և հետագա կորուստներից խուսափելու նպատակով»:

Միացյալ Թագավորության ԱԳՆ-ն հորդորել է երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ այնպիսի հռետորաբանությունից, որը կարող է է՛լ ավելի մեծացնել լարվածությունը։

«Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցային գործընթացին, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ապահովմանը: Շարունակվող բռնությունը սպառնում է տարածաշրջանային կայունությանը և բարեկեցությանը և ընդգծում է պաշտոնական բանակցությունների վերսկսման հրատապ անհրաժեշտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջաբական կողմը վերսկսել էր հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Հուլիսի 13-ի առավոտյան երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել էր սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերը։ Հուլիսի 14-ի գիշերը ՀՀ զինված ուժերի մարտական դիրքերից դիտարկվել էր հակառակորդի տանկի շարժ, որը հայկական կողմից վարված կրակով կասեցվել էր։ Հակառակորդը հուլիսի 13-ից թիրախավորել է բնակավայրերը, արկեր է արձակել Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, այլ բնակավայրերի ուղղությամբ, հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները, տուժածներ չկան։ Բերդի ուղղությամբ Ադրբեջանը նաև «Գրադի» երեք հրթիռ է արձակել: Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 15-ի ժամը 00:15-ից պահպանվում էր հարաբերական անդորր, սակայն հուլիսի 16-ի գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել էին հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, ետ էր շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել էին հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Թիրախավորվել են նաև Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը։ Ադրբեջանի մարտական անօդաչուի հարվածից հուլիսի 16-ին վիրավորվել է Չինարի գյուղի մի բնակիչ:Ադրբեջանական կողմը կրակոցներ է իրականացրել ոչ միայն Տավուշի այն հատվածում, որտեղ վերջին օրերին ընթանում էին գործողությունները, այլ նաև Տավուշի սահմանագոտու ողջ երկայնքով, Գեղարքունիքի հատվածում, նաև նախիջևանյան հատվածում, սակայն լարվածությունը զգալիորեն նվազել է: Այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանագոտու երկայնքով հիմնականում եղել է հանգիստ։ Եղել են թեթև կրակոցներ հրաձգային զենքից, ոչ կանոնավոր, ոչ մեծ քանակի:

Հայերեն Русский

Հայաստանի շախմատի կանանց չեմպիոնը ներքին առաջնությունում հաղթանակն անսպասելի չի համարում

Հայաստանում մեկնարկում է փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված 3 նոր ծրագիր՝ ընդհանուր 8.8 մլն եվրո բյուջեով

Սմբատ Լպուտյանը տպավորված է Հայաստանի շախմատի առաջնություններում երիտասարդների մասնակցությամբ

Հայաստանն արդեն առաջին ու ամենաուժեղ քայլն է արել իր խաղաղության օրակարգով. Էստոնիայի խորհրդարանի նախագահ

Հայ դերասաններով «Անորա» ֆիլմը «Օսկարի» տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում է

Կառավարությունը հավանություն է տվել «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացմանը վերաբերող երկու նախագծի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 23/01/25

Ասիական ինդեքսներ - 22/01/25

Գործի մեծ մասն արված է, սակայն 2 հոդվածի համաձայնեցումը կարող է տևական ժամանակ պահանջել. ԱԳ նախարարը՝ խաղաղության պայմանագրի մասին

Հունվարի 24-ի միջոցառումների անոնս