Հասարակական

Հայաստանաբնակ տասնյակ եզդիներ պատրաստակամ են անհրաժեշտության դեպքում մեկնել սահման. Բաքոյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանաբնակ տասնյակ եզդիներ պատրաստակամ են անհրաժեշտության դեպքում մեկնել սահման. Բաքոյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եզդիական համայնքը դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության՝ ազգության եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

«Ադրբեջանի` վերջին օրերի սադրիչ ռազմական գործողությունները հայկական կողմից արժանանում են արժանվույն պատասխանի: Եզդիական համայնքը դատապարտում է Ադրբեջանի այս սադրիչ գործողությունները, և հայաստանաբնակ տասնյակ եզդիներ դիմել են ու պատրաստ են անհրաժեշտության դեպքում մեկնել սահման և պահպանել մեր ընդհանուր սահմանը», -ասաց պատգամավորը:

Բաքոյանը ամբողջ աշխարհի եզդիերին կոչ արեց հայկական սփյուռքի հետ ակտիվ աշխատել, որպեսզի հնարավոր լինի Ադրբեջանի սադրիչ ռազմական գործողություններին նաև հստակ դիվանագիտական պատասխան տալ:

Հուլիսի 16-ի լույս գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Սա հուլիսի 15-ի ժամը 00:15-ից հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումն էր:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում