Ադրբեջանական ԶՈՒ-ն սեփական գյուղերում թիրախավորում է սեփական բնակչությանը. Արծրուն Հովհաննիսյան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինված ուժերը կիրառում են իրեն ձեռագրին բնորոշ գործողություններ, մասնավորապես սեփական գյուղերում թիրախավորում են սեփական բնակչությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում բրիֆինգի ընթացքում ասաց Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նախ հիշեցրեց, որ հուլիսի 14-ի դրությամբ ադրբեջանական Զինված ուժերի կողմից թիրախավորվել են հայկական բնակավայրերը, մասնավորապես Տավուշի Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Պառավաքար համայնքները: Մասնավորապես, այսօր հրետակոծության է ենթարկվել նաև Բերդ քաղաքը: Քաղաքում թիրախավորվել են երկու գործարաններ: Այս համայնքներում տարբեր տեսակի վնասներ են կրել տներ, գազատար՝ ընդ որում՝ մի քանի անգամ, գազատարն ընթացքում վերականգնվել է: «Փաստացի թիրախավորվում է խաղաղ բնակչությունը: Բարեբախտաբար, խաղաղ բնակչության շրջանում զոհեր չունենք: Հրետակոծության ամբողջ ընթացքում հայկական Զինված ուժերը կատարել են իրենց առջև դրված մարտական խնդիրները, լռեցրել են հակառակորդին՝ հնարավոր բոլոր ձևերով: Եվ հակառակորդն այս ընթացքում կիրառել է հրետանային միջոցներ, ականանետեր, կիրառվել են նաև տանկեր»,-ասաց Հովհաննիսյանը:

Նրա ասաց, որ կփորձեն հուլիսի 15-ին կազմակերպել հատուկ ինֆոտուրեր՝ տեղում տեսնելու այդ ավերածությունները, նաև կիրառվող զենք-զինամթերքի մնացորդները և այլն:

«Ադրբեջանական զինված ուժերն այս ընթացքում կիրառել է իրենց ձեռագրին բնորոշ գործողություններ, մասնավորապես սեփական գյուղերում թիրախավորում է սեփական բնակչությանը»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա խոստացավ բրիֆինգից հետո իր ունեցած տեղեկությունները փոխանցել, թե ինչպես տների մերձակայքում տեղակայում են զրահատեխնիկա՝ դրանով թիրախավորելով խաղաղ բնակչությանը: Այս պահին կան համապատասխան ապացույցներ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել»,- հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ հայկական կողմից կորուստներ չկան:

Ավելի ուշ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել հայկական նույն դիրքի ուղղությամբ, որտեղի ժամեր առաջ փորձել էին ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով անցնել հայ-ադրբեջանական սահմանը: «Ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- հայտնել էր նա: Հուլիսի 13-ի առավոտյան արդեն Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում վիրավորվել է հայկական կողմի 3 զինծառայող և երկու ոտիկան, որոնցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հուլիսի 14-ի գիշերը ՀՀ Զինված ուժերի մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը հայկական կողմից վարված կրակով կասեցվել է։ Հակառակորդը հուլիսի 13-ից թիրախավորում է բնակավայրերը։ Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ և 120մմ տրամաչափի ականանետից 3 արկ են են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Ադրբեջանը հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները. տուժածներ չկան։ Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում էին ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը: Ավելի ուշ հակառակորդի արձակած կրակոցից զոհվել են նաև ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский