ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունիսի 30-ին կայացավ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տեսակոնֆերանսը, որն արդեն երկրորդն էր (առաջինը` ապրիլի 21-ին) կորոնավիրուսի համավարակի տարածումից հետո:
Նախ հարկ է ընդգծել, որ տեսակոնֆերանսին ընդառաջ նկատելի էր լարվածության զգալի աճ, ինչը նախևառաջ պայմանավորված էր ադրբեջանական ղեկավարության ռազմատենչ հռետորաբանության զգալի ակտիվացմամբ: Ինչպես և կարելի էր կանխատեսել, հայկական կողմը հանդիպման օրակարգ էր բերել տվյալ խնդիրը, քանզի Ադրբեջանի նախագահի, պաշտպանության նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից վերջին շրջանում արված հայտարարությունները ոչ միայն հակասում են Բաքվի ստանձնած հանձնառություններին, այլ նաև մեծացնում են լարվածությունը կողմերի միջև:
Պաշտոնական Բաքուն, իր հերթին, որպես տեսակոնֆերանսի օրակարգային թեմա` առաջ էր քաշել հայկական կողմի` Արցախի վերաբնակեցման և Արցախը Հայաստանին կապող 3-րդ մայրուղու կառուցման ծրագրերը` դրանք ներկայացնելով որպես «անօրինական գործողություններ իր օկուպացրած տարածքներում»:
Տեսակոնֆերանսի արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության «տողատակերից» կարելի է եզրակացնել, որ հանդիպումն անցել է բավական լարված: Այդ մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ հայտարարությունը ոչ թե հնգակողմ է, (Հայաստան, Ադրբեջան, 3 համանախագահ), այլ եռակողմ (ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ): Հայտարարության տեքստի վերլուծության համաձայն` քննարկման հիմնական առարկան եղել է բանակցությունների համար նպաստավոր միջավայրի ձևավորման խնդիրը, իսկ բովանդակային բանակցություններ դեռ չկան:
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է, որ համանախագահներն ընդգծել են «խաղաղության և բովանդակային բանակցությունների համար նպաստավոր մթնոլորտի խթանման և պահպանման կարևորությունը»: Սա, ըստ էության, վկայում է, որ նպաստավոր մթնոլորտի ձևավորման անհրաժեշտության խնդիրը, ինչի վերաբերյալ բարձրաձայնում է հայկական կողմը, լիարժեքորեն ընկալելի է համանախագահների համար:
Համանախագահները դրական են գնահատել նաև տեղում հարաբերական կայունությունը և գոհունակություն են հայտնել, որ «կողմերը շարունակում են օգտագործել ուղիղ հաղորդակցության ուղիները` էսկալացիայից խուսափելու համար»: Տվյալ դեպքում խոսքը 2018թ. սեպտեմբերին Դուշանբեում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ստեղծված օպերատիվ կապի մասին է, որը, ինչպես հաստատում են նաև ՀՀ ՊՆ ներկայացուցիչները, գործնականում նպաստում է լարվածության նվազեցմանը:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նշել են նաև, որ «վերջին սադրիչ հայտարարությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և տեղում իրավիճակը փոխող հնարավոր քայլերը կարող են խաթարել կարգավորման գործընթացը»: Ինչպես երևում է նախադասության ձևակերպումից, համանախագահները փորձել են դրսևորել հնարավորինս հավասարակշռված դիրքորոշում և անուղղակիորեն արտահայտել կողմերից յուրաքանչյուրի բարձրացրած խնդիրը: «Սադրիչ հայտարարություններ» և «ռազմատենչ հռետորաբանություն» արտահայտություններն, անկասկած, հասցեագրված են Ադրբեջանին: Իհարկե, ցանկալի կլիներ, որ դրանք կրեին առավել հասցեական և բացահայտ բնույթ` առավել սթափեցնող ազդեցություն ունենալով Բաքվի համար: «Տեղում իրավիճակը փոխող հնարավոր քայլեր» արտահայտությամբ համանախագահները, թերևս, ակնարկում են հայկական կողմի` Կապան-Հադրութ ճանապարհի կառուցման որոշումը: Չնայած Բաքվի հակազդեցությանը` տվյալ ճանապարհի կառուցումը հայկական կողմը կարևորում է Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության շարունակական ապահովման անհրաժեշտությամբ, այդ թվում՝ ազատ և անվտանգ տեղաշարժի միջոցով: Նման փաստարկն ընկալելի է և հիմնավոր, առավել ևս եթե հաշվի առնենք Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքիկիրառումը:
Հատկանշական է, որ հայտարարության մեջ համանախագահները հատուկ ընդգծել են, որ «հակամարտությունը չունի ռազմական լուծում»: Նման արձանագրումը բավական կարևոր է` վերջին շրջանում Բաքվից հնչող ռազմական հռետորաբանության ֆոնին և կարևոր ուղերձ է Ադրբեջանի իշխանություններին: Համանախագահները կողմերին կոչ են անում նաև «քայլեր ձեռնարկել հրադադարի ամրապնդման և հասարակություններին խաղաղության նախապատրաստման ուղղությամբ»: Այս երկու տարրերը ևս կարելի է դիտարկել որպես բանակցությունների համար նպաստավոր միջավայրի ձևավորման բաղադրիչներ, ինչից Ադրբեջանն ամեն կերպ խուսանավում է:
Համանախագահները կարևորել են նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ղեկավարությամբ «մոնիթորինգային աշխատանքների վերսկսման հրատապությունը, հենց որ պայմանները թույլ տան»: Ինչպես հայտնի է, COVID-19-ի համավարակի պատճառով ԵԱՀԿ մոնիթորինգային աշխատանքները դադարեցվել են դեռ մարտի 19-ին, և այս ընթացքում Ադրբեջանի ոչ կառուցողական գործելաոճը զգալիորեն մեծացրել է ընդհանուր լարվածությունը: Թերևս, հենց այդ հանգամանքով է նաև պայմանավորված, որ համանախագահները սահմանների մոնիթորինգի վերսկսումը համարում են հրատապ անհրաժեշտություն:
Հայաստանի և Ադրբեջանի արտագործնախարարների տեսակոնֆերանսի կազմակերպումը համանախագահների կողմից կարելի է որակել որպես արձագանք` նկատվող լարվածության աճին: Հատկանշական է, որ տեսակոնֆերանսի շրջանակում քննարկվել է հուլիսին ևս մեկ հեռավար հանդիպման կազմակերպման հնարավորությունը: Նման շփումները կարևոր են ոչ միայն բանակցային գործընթացն առաջ մղելու հնարավորություններ գտնելու, այն նաև լարվածության որոշակի պարպման տեսանկյունից, քանզի հայտնի ճշմարտություն է` երբ դիվանագետները լռում են, գործի են անցնում թնդանոթները:
Նարեկ Մինասյան