Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 736 նոր դեպք․ ապաքինվել է 205, մահացել 6 քաղաքացի
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունիսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 24 645 դեպք, որոնցից 13 116-ն` առողջացած: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 964 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 109 173 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 736 նոր դեպք և 205 առողջացած։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 426 (ավելացել է ևս 6-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 33, 85 տարեկան տղամարդիկ և 83, 87, 81, 80 տարեկան կանայք։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Արձանագրվել է մահվան ևս 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 139 է։
Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:
Լիլիթ Դեմուրյան