Արցախ

Արցախի ԱԺ հանձնաժողովում քննարկվել է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխության նախագիծը

2 րոպեի ընթերցում

Արցախի ԱԺ հանձնաժողովում քննարկվել է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխության նախագիծը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արթուր Հարությունյանի նախագահությամբ հունիսի 26-ին տեղի է ունեցել Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, հրատապ ռեժիմով քննարկման է դրվել «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորներ Արամ Գրիգորյանի և Արմեն Հակոբյանի հեղինակած օրենքի նախագիծը:

Խոսելով օրինագծի մասին՝ նախագծի համահեղինակ Արամ Գրիգորյանը նշել է, որ նախագծով առաջարկում են գործող օրենքի 16-րդ հոդվածից «որից առնվազն 5 տարի ղեկավարի պաշտոնում» արտահայտությունը հանել, ինչի շնորհիվ հնարավորություն կընձեռվի Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրվել նաև հանրային ֆինանսների կառավարման ոլորտի նվազագույնը տասը տարվա աշխատանքային ստաժ ունեցող պաշտոնատար անձանց՝ առանց հաշվի առնելու հինգ տարվա ղեկավարի պաշտոնում աշխատած լինելու հանգամանքը:

Պատգամավորները նախագծի հեղինակին առաջադրել են հարցեր և ստացել պարզաբանումներ:

3 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծին:

Նիստին մասնակցել է նաև Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում