Արցախ

Նոր ուսումնական տարուց Արցախի բուհերում կգործի անվճար կրթության ծրագիրը

3 րոպեի ընթերցում

Նոր ուսումնական տարուց Արցախի բուհերում կգործի անվճար կրթության ծրագիրը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 24-ին ընդունել է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել է կրթության ոլորտում իրականացվող ծրագրերին և նախատեսվող բարեփոխումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Լուսինե Ղարախանյանը հանրապետության նախագահին է ներկայացրել համավարակի պայմաններում նոր ուսումնական տարում առցանց և առկա ուսուցման արդյունավետ կազմակեպման հսմար պայմանների ստեղծմանը, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների և բուհերի համար ուսուցման առցանց հարթակի մշակմանը վերաբերող հարցեր: Հատուկ անդրադարձ է կատարվել անվճար ու որակյալ բարձրագույն կրթության կազմակեպման ուղղությամբ իրականացվող քայլերին:

Հանրապետության նախագահը նշել է, որ համավարակի տեմպերի նվազման դեպքում առաջնահերթությունը կտրվի առկա ուսուցմանը՝ հաշվի առնելով բոլոր հնարավոր ռիսկերը: Անդրադառնալով անվճար բուհական կրթության ծրագրին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետական հավատարմագրված բուհերի բակալավրի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առկա ուսուցման համակարգի բոլոր ուսանողների համար կրթությունը կլինի անվճար՝ կառավարության կողմից ուսման վարձավճարների փոխհատուցման եղանակով: Մասնավոր բուհերի դեպքում սկզբունքը կվերաբերի միայն ընթացիկ տարում ուսումնական հաստատություն ընդունվածներին: Նախագահի հանձնարարությամբ՝ որակյալ կրթություն ապահովելու նպատակով պարբերաբար աշխատանքներ կիրականացվեն նաև բուհերի դասախոսների վերապատրաստման և կրթական ծրագրերի արդիականացման ուղղությամբ:

ՀՀ բուհերում սովորող արցախցի ուսանողների պարագայում անվճար ուսուցման ծրագիրը կգործի մասնակի: Մասնավորապես՝ անվճար ուսման հնարավորություն կունենան միայն այն ուսանողները, որոնց ընտրած մասնագիտությունները Արցախի բուհերի կողմից առաջարկվող ցանկում չկան: Բացի այդ՝ նրանց հետ կկնքվեն համապատասխան պայմանագրեր՝ ուսումն ավարտելուց հետո Արցախ վերադառնալու և տեղում որոշակի ժամանակահատված պարտադիր աշխատելու մասին: Այն խախտելու դեպքում բուհերի շրջանավարտները պետք է պետությանը փոխահատուցեն ուսման համար ստացած ամբողջ գումարը և որոշակի չափով տուգանք:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին վերաբերող այլ հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում