Արցախ

Արցախի նախագահի մոտ քննարկվել են Մարտունու շրջանի հիմնախնդիրները

3 րոպեի ընթերցում

Արցախի նախագահի մոտ քննարկվել են Մարտունու շրջանի հիմնախնդիրները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 24-ին ընդունել է Մարտունու շրջանի վարչակազմի աշխատակազմի պատասխանատուներին՝ վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, շրջանում իրականացվող պետական ծրագրերի ընթացքի, բերքահավաքի աշխատանքների և հրատապ լուծում պահանջող խնդիրների մասին համապարփակ զեկուցմամբ հանդես է եկել շրջանի վարչակազմի ղեկավարը:

Երկրի ղեկավարը նշել է, որ տարածքային կառավարման արդյունավետության բարձրացման և համաչափ զարգացման նպատակով շրջանների պատասխանատուների հետ հանդիպումների ընտրված ձևաչափը հնարավորություն է ընձեռում առկա հարցերը քննարկելու և կոնկրետ լուծումներ առաջարկելու համար: Այս համատեքստում հանրապետության նախագահը հանձնարարել է Մարտունու շրջանի զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու համար ընթացիկ տարում պետական բյուջեից լրացուցիչ հատկացնել 100 մլն ՀՀ դրամ, ևս 50 մլն ՀՀ դրամ՝ շինանյութերի ձեռքբերման համար: Լրացուցիչ 100 մլն ՀՀ դրամ կուղղվի շրջանի համայնքներում սալապատման ծրագրի իրականացմանը, իսկ շինաշխատանքների ընթացքում առաջացող հրատապ խնդիրների լուծման համար «Վարանդաշին» ընկերությանը կտրամադրվի մինչև 150 մլն ՀՀ դրամի չափով վարկ:

Նախագահն ընդգծել է, որ հատկացվող միջոցների ուղղությամբ սահմանվելու է պետական խիստ վերահսկողություն, և խախտումների հայտնաբերման դեպքում օրենքի առջև պատասխանատվության կրումը լինելու է անխուսափելի:

Ոռոգման ջրի խնդրի լուծման համար Արայիկ Հարությունյանն առաջարկել է կարճ ժամանակահատվածում ներկայացնել խորհրդային տարիներին կառուցված արտեզյան չգործող ջրհորների ցանկը՝ հավաստիացնելով, որ դրանց վերագործարկման համար կտրամադրվեն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև բնակարանաշինությանը վերաբերող հարցեր: Նախագահի հանձնարարությամբ սոցիալական տարբեր ծրագրերով առաջիկայում շրջանի տարբեր համայնքներում կսկսվեն մեկ տասնյակից ավելի առանձնատների կառուցման աշխատանքները, ինչպես նաև կուսումնասիրվի Մարտունի քաղաքում նոր բազմաբնակարան թաղամասերի կառուցման հնարավորությունը:

Խորհրդակցությանը մասնակցում էր ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում