Արցախ

ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել մայրաքաղաքում իրականացվելիք քաղաքաշինական ծրագրերի շուրջ

2 րոպեի ընթերցում

ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել մայրաքաղաքում իրականացվելիք քաղաքաշինական ծրագրերի շուրջ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 22-ին Ստեփանակերտի քաղաքապետի, քաղաքաշինության նախարարության և շահագրգիռ այլ մարմինների պատասխանատուների մասնակցությամբ, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, խորհրդակցության ընթացքում քննարկվել են մայրաքաղաքի փողոցների երթևեկությունը բեռնաթափելու համար վերգետնյա ու ստորգետնյա անցումների կառուցման, ավտոկայանի տարածքի ընդլայնման և նախկին գյուղատնտեսական քոլեջի ու հարակից հանրակացարանային շենքերի ապամոնտաժման ու տեղում բնակելի նոր շենքերի կառուցման հարցերը:

Ներկայացված տարբեր ճարտարապետական էսքիզների քննարկման արդյունքում Հանրապետության նախագահը հանձնարարել է 2021թ. պետական բյուջեի նախագծում նախատեսել մի շարք անցումների կառուցման ծրագրերը: Ա. Հարությունյանը հանձնարարել է նաև կարճ ժամանակամիջոցում Ստեփանակերտի ավտոկայանի հարակից ազատ տարածքի հաշվին կազմել նոր ճարտարապետական նախագիծ, որը հնարավորություն կտա ընդարձակել ավտոկայանի տարածքը՝ ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելով ուղևորների համար: Իսկ մայրաքաղաքի կենտրոնական հատվածում գտնվող նախկին գյուղատնտեսական քոլեջի ու հարակից հանրակացարանային շենքերի ապամոնտաժման հարցով քննարկումները դեռ կշարունակվեն:

Խորհրդակցությանը մասնակցում էին նաև ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը և Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական Արթուր Աղաբեկյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում