Յուրաքանչյուր ընտանիքի՝ առանձին բնակարան. Արցախի նախագահը հանձնարարել է փոփոխել հիփոթեքի կարգը
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 22-ին, հիփոթեքային գործող ծրագրում նոր փոփոխություններ անելու նպատակով, շահագրգիռ գերատեսչությունների պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Հարությունյանը նշել է, որ նախընտրական խոստման համաձայն՝ հիփոթեքային գործող ծրագիրը պետք է որակապես փոփոխության ենթարկվի՝ հիմքում ունենալով «յուրաքանչյուր ընտանիքի՝ առանձին բնակարան» կարգախոսը: Երկրի ղեկավարի հանձնարարականի համաձայն՝ նոր կարգը պետք է գործի հունվարի 1-ից:
Սպասվող փոփոխությունների վերաբերյալ ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը նիստում ներկայացրել է որոշման նախագծի առաջարկների հիմնական փաթեթը, որն ընդգրկում է ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական համայնքներում իրականացվելիք քաղաքականության սկբունքները: