Քաղաքականություն

Ո՞վ և ինչո՞ւ է գործարկում «ֆեյքեր» վարչապետ Փաշինյանի մասին։ DW-ի անդրադարձը

7 րոպեի ընթերցում

Ո՞վ և ինչո՞ւ է գործարկում «ֆեյքեր» վարչապետ Փաշինյանի մասին։ DW-ի անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալական ցանցի հայկական սեգմենտում տեղ գտնող կեղծ տեղեկատվության խնդրին է անդրադարձել գերմանական «Դոյչե Վելլե» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, որ կայքում հրապարակել է «Ո՞վ և ինչո՞ւ է Հայաստանում ֆեյքեր գործարկում վարչապետ Փաշինյանի դեմ» վերտառությամբ հոդվածը։

«Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի համատեքստում առաջացող խնդիրների պայմաններում, վարչապետի և կառավարության ցանկացած գործողություն արժանանում է ընդդիմախոսների խիստ քննադատությանը։ Հիմնավորվող դժգոհությանից բացի, մեդիադաշտը հեղեղվում է Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքականության վերաբերյալ ապատեղեկատվությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արձանագրում է գերմանական ռադիոընկերությունը։

Հոդվածն անդրադառնում է վերջին շրջանում արձագանք գտած հրապարակումներին, որոնցից մեկում ընդդիմադիր Արմեն Պետրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, թե Փաշինյանների ընտանիքը առանձնատուն է գնել Կանադայում և տեղադրել էր տան լուսանկար, որը սակայն Google որոնողական համակարգը տեղորոշում էր ԱՄՆ-ում ՝ նշելով որ այն այլ տեր ունի։ Հպարարակումն արտատպել էին մի շարք ԶԼՄ-ներ, սակայն դրանից ոչ մեկը հետո չներկայացրեց ապատեղեկատվության հերքումը։

Հրատարակությունը հիշատակում է նաև «Ֆեյսբուք»-ի «Դիանա Հարությունյան» օգտատիրոջը, որը ապատեղեկատվություն էր հրապարակել այն մասին, թե իբր վարչապետ Փաշինյանն ԱՄՆ նախագահին շնորհավորել է «իրանցի գեներալի նկատմամբ հաջող գործողությունների համար» (նկատի ունի հունվարի սկզբին ԱՄՆ-ի կողմից սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիին)։ Ապատեղեկատվությունն արտատպել էին որ միայն Հայաստանի, այլև Իրանի և Ադրբեջանի ԶԼՄ-ները։ «Փաշինյանը կտրականապես հերքեց նշված լուրը, հայտարարեց, որ սա այն դեպքն է, որ խոսքի ազատությունն սպառնալիք է ստեղծել պետության անվտանգության համար»,- նշում է գերմանական ռադիոկայանի կայքը՝ նկատելով, որ ՀՀ ԱԱԾ-ն գտել և ձերբակալել է «Դիանա Հարությունյանին», որը տղամարդ է իրականում։ Ըստ լրատվամիջոցի, նրա նկատմամբ քննչական գործողություններ են ընթանում։

Ըստ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի, նման երևույթների դեմ դժվար է պայքարել, քանզի ԶԼՄ-ներում և սոցցանցերում ապատեղեկատվության տարածումը կարգավորող օրենսդրութուն չկա։

«ԴոյչԵ Վելլեն» անդրադարձել է նաև Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարություններին, որոնք հնչել են «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ժամանակ։ Մինասյանը Փաշինյանին և նրա ազգականներին մեղադրել է ծխախոտի, զենքի և ադամանդի մաքսանենգության, ինչպես նաև համավարակի դեմ պայքարը ձախողելու մեջ։ «ԴոյչեՎելլե»-ն նշում է, որ ի պատասխան Հայաստանի վարչապետը կոչ է արել չհավատալ մեղադրանքներին՝ մեջբերելով կառավարության ղեկավարի՝ խորհրդարանում հնչեցրած հայտարարությունը. «Եթե ես կոռուպցիայի մեջ ներգրավվեմ, ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում ինձ Հանրապետության հրապարակում կախաղան հանել», և հավելել, որ Փաշինյանը, ի տարբերություն երկրի նախկին ղեկավարների, չի դիմել դատարան իր դեմ զրպարտությունից պաշտպանվելու համար։ Փոխարենը, մեկ անգամ ևս ընդգծել է, որ խոսքի ազատությունը Հայաստանի համար «անվիճելի արժեք է»։ Վարչապետի գնահատմամբ՝ Կանադայում առանձնատան և մաքսանենգության թեմաներով ասեկոսեների նպատակը իշխանության դեմ վստահության ճգնաժամ սադրելն է, և այդ ամենը կապված է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում հարուցված քրեական գործերի և անօրինական ձեռք բերված գույքի բռնագանձման ընթացակարգի նախապատրաստման հետ։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը գերմանական հրատարակության հետ հարցազրույցում նշել է, որ Փաշինյանի դեմ ապատեղեկատվության տարածման գործընթացի թիկունքում կանգնած է նախկին քաղաքական վերնախավի ներկայացուցիչները՝ նշելով. «Քաղաքական դաշտում տանուլ տալով, նրանք իրենց հսկայական ֆինանսական հնարավորությունները կենտրոնացրել են իրենց նեղացրածների դեմ մեդիա տարածությունում դիմակայության վրա»։ Ըստ Նավասարդյանի՝ նրանք էական առավելություն ունեն՝ մի քանի համապետական սփռում ունեցող հեռուստաալիքներ, բազմաթիվ առցանց-հրատարակություններ, ակտիվիստներ և «տրոլլերի ֆաբրիկաներ» սոցցանցերում։ Նա Փաշինյանի դեմ նոր տեղեկատվական գրոհի առանձնահատկություն է համարել մի քանի քաղաքական ուժերի՝ Հայաստանի նախկին իշխանության՝ Հանրապետական կուսակցության, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և խորհրդարանական երկրորդ ուժ հանդիսացող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի միավորումը, որոնք փորձում են օգտագործել կորոնավիրուսի համավարակի հարուցած դժվարությունները։

Հրապարակումը մեջբերում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի գնահատականն առ այն, որ կառավարության տեղեկատվական ռեսուրսի նշանակալի մասը ուղղվում է ապատեղեկատվությանը հակահարված տալուն։ Առանձին ոչ կառավարական կազմակերպերպությունների փաստերի ստուգման հարթակների գոյությունը հնարավոր չի դարձնում կանգնեցնել այդ ընթացքը՝ հեղինակության ինստիտուտի փաստացի չաշխատելու պարագայում։ Ըստ հոդվածի, տեղեկատվական անվտանգության փարձագետ Սամվել Մարտիրոսյանն ընդգծել է, որ «ֆեյքերի» խնդիրը կարելի է լուծել միայն օրենսդրական ճանապարհով։ Բորիս Նավասարդյանի գնահատմամբ էլ՝ մինչ վերջրերս իր հակառակորդների քարոզչական հարվածներին Փաշինյանին հաջողվում էր պատասխանել «Ֆեյսբուք»-ի ուղիղ տեսաուղերձներով, որի լսարանը գերազանցում է բոլոր ընդդիմադիր ԶԼՄ-ների լսարանին միասին վերցրած։

Ինչպես են անդրադառնում ՀՀ վարչապետի հեղինակության վրա ֆեյքերը, «Դոյչե Վելլե»-ին հարցազրույց տված փորձագետները դժվարացել են պատասխանել, սակայն, նրանց զգացողություններով, նոր իշխանությունը չի սպառել բնակչության վստահությունը։ Հասարակությունը նրանից սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ակնկալիքներ ունի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում