Հասարակական

Պատգամավորը լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ դիմել է ոստիկանություն

2 րոպեի ընթերցում

Պատգամավորը լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ դիմել է ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է հունիսի 16-ին Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գայանե Աբրահամյանը, ով երկար տարիներ աշխատել է որպես լրագրող, գրել է, որ ԱԱԾ շենքի մոտ ոստիկանության գործողությունների ընթացքում, հրմշտոցի հետևանքով տուժել են լրագրողները, խոչընդոտվել է լրագրողների մասնագիտական աշխատանքը, ինչն անթույլատրելի է՝ չնայած որևէ դիտավորություն կամ հատուկ լրագրողների դեմ ուղղված գործողություն առկա չէր։

«Ներողություն եմ խնդրում տուժած իմ բոլոր նախկին գործընկերներից և ակնկալում եմ ըմբռնում, քանի որ համավարակով պայմանավորված արտակարգ դրության այս օրերին ե´ւ լրագրողները, և´ ոստիկանությունն իրենց ծառայությունն իրականացնում են խիստ լարված պայմաններում` վտանգելով առողջությունն ու կյանքը։

Այսօր կդիմեմ Ոստիկանություն` պարզելու բոլոր մանրամասները եւ ծառայողական քննություն անցկացնելու անհրաժեշտությունը»,- գրել է Աբրահամյանը։

Պատգամավորը ոստիկանությանը հորդորում է ցանկացած իրավիճակում, անգամ ամենալարված պայմաններում չխոչընդոտել լրագրողների գործունեությունը, ավելին` պայմաններ ստեղծել լրագրողական ծառայությունն անվտանգ իրականացնելու համար։

Հունիսի 16-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտից դուրս գալուց հետո խառնաշփոթ էր սկսվել փողոցում: Այդ ընթացքում ոստիկանության աշխատակիցները, պատ կազմելով, սկսեցին ետ հրել քաղաքացիներին ու լրագրողներին: Լրատվամիջոցների ներկայացուցիչներից մի քանիսը վնասվածքներ էին ստացել, կորել էր կայքերից մեկի ուղիղ եթերի սարքը:

Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ կատարվող իրադարձությունները լուսաբանող լրագրողները դժգոհել են ոստիկանության գործողություններից:

ՀՀ ոստիկանությունը հայտարարել էր, որ Ոստիկանության պետի հանձնարարությամբ մտահոգության առիթ տված միջադեպը կուսումնասիրվի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում