Արցախ

Արցախը հետամուտ է լինելու իր տարածքների՝ Ադրբեջանի կողմից օկուպացիայի դադարեցմանը. ԱՀ ԱԳՆ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ԱԳՆ մեկնաբանություն է տարածել Շահումյանի շրջանի օկուպացիայի 28-րդ տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ Արցախի Հանրապետության իշխանությունները հետևողական կերպով հետամուտ են լինելու Շահումյանի, ինչպես նաև Մարտակերտի և Մարտունու շրջանների մի մասի օկուպացիայի դադարեցմանը: Ընդգծվել է, որ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշման առանցքային տարրերից մեկն է։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեկնաբանության մեջ նշված է. «28 տարի առաջ՝ 1992 թ. հունիսի 12-ին, ադրբեջանական զինված կազմավորումները՝ նախկին սովետական բանակի 23-րդ դիվիզիայի աջակցությամբ, լայնամասշտաբ գրոհ սկսեցին Արցախի Հանրապետության դեմ՝ ծանր զինտեխնիկայի և ռազմական ավիացիայի կիրառմամբ։ Առաջին հարվածն իր վրա ընդունեց Շահումյանի շրջանը։ Բազմակի անգամ գերազանցելով կենդանի ուժի և զինտեխնիկայի թվով՝ ադրբեջանական զինված կազմավորումներին հաջողվեց զավթել Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը, որից հետո նրանք ձեռնամուխ եղան էթնիկ զտումների իրականացմանը և դաժան հաշվեհարդար տեսան հայ խաղաղ բնակչության նկատմամբ։

Փրկվելու համար մարդիկ ստիպված էին լեռնային արահետներով հասնել Մարտակերտի շրջան՝ ճանապարհին ենթարկվելով ադրբեջանական զինյալների հարձակումներին։ Շահումյանի շրջանի բնակիչների վկայությունների համաձայն՝ խաղաղ բնակիչների շարասյունը գնդակոծման էր ենթարկվում, այդ թվում՝ մարտական ուղղաթիռներից։ Խաղաղ բնակչության նկատմամբ հարձակումը դիտավորյալ բնույթ էր կրում և միայն մեկ նպատակ էր հետապնդում՝ որքան հնարավոր է շատ մարդ սպանել։ Հենց այդ անմարդկային կերպով ադրբեջանական կողմը փորձում էր 1992 թ. ձմռանը և գարնանը կրած սեփական ռազմական պարտությունների վրեժը լուծել խաղաղ բնակչությունից։

Ադրբեջանական զինված կազմավորումների կողմից Շահումյանի շրջանի օկուպացիայի ժամանակ իրականացված պատերազմական հանցագործությունների արդյունքում շուրջ երկու տասնյակ հայկական գյուղեր ոչնչացվեցին և թալանվեցին, ավելի քան 20 հազար հայեր դարձան ներքին տեղահանվածներ և փախստականներ, մի քանի հարյուրը կանխամտածված կերպով սպանվեցին կամ անհայտ կորան։

Իրականացնելով պատերազմական հանցագործություններ և ահաբեկելով քաղաքացիական բնակչությանը՝ Ադրբեջանի իշխանությունները փորձում էին կոտրել արցախցիների կամքը, ովքեր ձգտում էին պաշտպանել իրենց կյանքի, ինքնորոշման և անկախության իրավունքը։ Սակայն ադրբեջանական կողմի վայրագությունները միայն ամրապնդել են արցախցիների վճռականությունը՝ պաշտպանելու իրենց ինքնիշխանությունը, իդեալները և իրավունքները: Ադրբեջանական ագրեսիան ետ մղելու և անվտանգ սահմաններ ապահովելու նպատակով Արցախի Պաշտպանության բանակի հետագա գործողությունները պայմանավորված էին հանրապետությունն ու բնակչությունը ֆիզիկական բնաջնջումից պաշտպանելու անհրաժեշտությամբ:

Առ այսօր Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը և Մարտակերտի ու Մարտունու շրջանների մի մասը գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո: Խախտելով միջազգային հումանիտար իրավունքի նորմերը՝ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում անօրինական բնակեցման և բնիկ հայ բնակչության ներկայության հետքերի ոչնչացման քաղաքականություն իրականացնել:

Արցախի Հանրապետության իշխանությունները հետևողական կերպով հետամուտ են լինելու Շահումյանի, ինչպես նաև Մարտակերտի և Մարտունու շրջանների մի մասի օկուպացիայի դադարեցմանը: Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշման առանցքային տարրերից մեկն է»:

Հայերեն العربية English Русский

Իսրայելի վարչապետը հայտարարել է Գազայի հատվածում նոր տարածքներ գրավելու մասին

Ճապոնիայի ափերի մոտ 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ուկրաինայի տարածքով գազի տարանցիկային մատակարարման վերականգնումը կհանգեցնի Եվրոպայում դրա գնի նվազմանը. Սլովակիայի վարչապետ

Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի գավաթի կիսաեզրափակչի մասնակից բոլոր ակումբները

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ դեմ է Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների վերսկսմանը

Համաշխարհային բանկը 432 մլն դոլար կտա Ուկրայինաին տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնման նպատակով

Tesla ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում գրանցել է վաճառքի իր նվազագույն ցուցանիշը պատմության մեջ

Ռուս-հայկական համալսարանը և SPRING PR-ը Doing Digital Forum 2025-ի շրջանակում հուշագիր են կնքել

Վարչապետը ներկա է գտնվել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Բարձր տեխնոլոգիական ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացմանը

ԵՄ-ում հայտարարել են, որ օտարերկրյա գործակալների և ԶԼՄ-ների ստանդարտների մասին օրենքները կխանգարեն Վրաստանի ինտեգրմանը ԵՄ-ին