Հասարակական

Միջպետական ուղևորափոխադրումների ոլորտը կանոնակարգող օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

2 րոպեի ընթերցում

Միջպետական ուղևորափոխադրումների ոլորտը կանոնակարգող օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից նախագծի փաթեթն ու նույնաբովանդակ «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի և Արթուր Գրիգորյանի հեղինակած նախագծով նախատեսվում է կանոնակարգել միջպետական ուղևորափոխադրումների ոլորտը:

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է, որպեսզի միջպետական ուղևորափոխադրումների ընթացքում փոխադրողն իրականացնի ուղևորների` դժբախտ պատահարներից ապահովագրություն, ինչն անվտանգ ուղևորության և ուղևորափոխադրման կարևորագրույն պայմաններից է, ինչպես նաև սահմանել տախոգրաֆի պարտադիր առկայություն միջպետական ուղևորափոխադրումներ իրականացնելիս:

«Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» Եվրոպական համաձայնագրի համապատասխան հոդվածի համաձայն, չորսուկես ժամ վարելուց հետո վարորդը պետք է առնվազն 45-րոպեանոց ընդմիջում անի, եթե նա չի սկսում հանգստի ժամանակահատվածը: Այդ ընդմիջումը կարող է փոխարինվել 15-րոպեանոց ընդմիջումներով` բաշխվելով մեքենան վարելու ժամանակահատվածի վրա կամ անմիջապես այդ ժամանակահատվածից հետո: Ընդմիջումների ընթացքում չի կարող իրականացվել այլ աշխատանք:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 92 «կողմ» և 6 «ձեռնպահ» ձայներով:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում