Հասարակական

Ոստիկանությունն ուժեղացված ստուգայցեր է իրականացնում Երևանի մի շարք վարչական շրջաններում

2 րոպեի ընթերցում

Ոստիկանությունն ուժեղացված ստուգայցեր է իրականացնում Երևանի մի շարք վարչական շրջաններում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ընդհանուր առմամբ, արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 17568 արձանագրություն, իսկ մայիսի 30-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1076 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով այլ նախարարությունների և գերատեսչությունների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։

Մայիսի 31-ի վաղ առավոտից, արտակարգ ռեժիմով ծառայության շրջանակներում ուժեղացված ստուգայցեր են իրականացվում մայրաքաղաքի Շենգավիթ, Նոր Նորք, Կենտրոն, Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջաններում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում