Հասարակական

Արայիկ Հարությունյանը երդմամբ ստանձնեց Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը երդմամբ ստանձնեց Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արայիկ Հարությունյանը երդման հանդիսավոր արարողությամբ ստանձնեց Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցոռւմը տեղի ունեցավ Շուշիի Մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում անցկացվող ԱԺ հատուկ նիստում՝ Սահմանադրությամբ սահմանված կարգով:

Նախագահի երդման համար դահլիճ բերվեցին Արցախի Հանրապետության պետական դրոշը, Սահմանադրությունը և 17-րդ դարի Ավետարանը:

Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու համար երդման իր խոսքում Հարությունյանը, մասնավորապես, ասաց. «Ստանձնելով ԱՀ նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի»:

Պաշտոնի ստանձնման և երդման արարողությանը ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը, երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Գերաշնորհ Սրբազան հայրը: ԱԺ հատուկ նիստին մասնակցում է ԱՀ ազգային ժողովի պատգամավորներ, Արցախի անվտանգության խորհրդի և կառավարության անդամները, Գերագույն դատարանի նախագահն ու Վերաքննիչ և Առաջին ատյանի դատարանի նախագահները, Պաշտպանության բանակաի բարձրագույն սպայակազմը, ԿԸՀ-ի անդամները, Հայաստանի և Արցախի կուսակցության ներկայացուցիչներ և այլք:

Օրհնանքի իր խոսքն առաց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, շնորհավորեց նաև Սուրբ համբարձման տոնի առիթով:

Ապրիլի 15-ին Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ էր ընտրվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Երկրորդ փուլում նրա հետ մրցակցում էր ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը։ Իսկ առաջին փուլի քվեարկությունը կայացել էր մարտի 31-ին։ Հարությունյանը երկրի ղեկավարի պաշտոնում փոխարինեց Բակո Սահակյանին:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում