Հասարակական

Մարտի 1-ի գործով պետք է գնալ մինչև վերջ. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Մարտի 1-ի գործով պետք է գնալ մինչև վերջ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների գործը մանրամասն բացահայտված է և մեծ հաշվով պարզ է, թե ովքեր են կազմակերպել այդ օրերին սպանությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 16-ին առցանց ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք նա գոհ է Մարտի 1-ի գործի քննություննից և ինչու չի հաջողվում գործի քննությունը առաջ տանել, ՀՀ վարչապետը ասաց, որ, ըստ մեղադրանքի, ամենակարևոր ապացույցները կեղծված են հենց 2008 թվականի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի կողմից, ով կրակված պարկուճները տարածքում փոխել է։

«Հասկանում եք՝ դա ի՞նչ է նշանակում։ Նշանակում է իսկական կրակողների պարկուճները չկան և հնարավորություն չունենք այսօր այդ պարկուճներով նույնականացնել և փորձել այդ զենքերը գտնել։ Հիմա այդ քննչական խմբի ղեկավարը գտնվում է հետախուզման մեջ։ Ինչո՞ւ, թող գա և պատմի, ինչ է արել այն պարկուճները։ Գուցե նա գիտի հենց սպանության հեղինակների անուն-ազգանունները։ Քննությունը պետք է շարունակվի և պետք է ջանքեր գործադրենք այդ հետախուզվող անձին ձերբակալելու, Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։ Դա հեշտ չէ, բայց մենք պետք է գնանք այդ ճանապարհով։ Այո, պետք է գնալ մինչև վերջ և նաև այն անհատներին, ովքեր այդ կրակոցները իրականացրել են, պետք է բացահայտել»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նշեց, որ ներկայումս քրեական գործերը հարուցված են և մի մասը ուղարկված է դատարան։

«Պետք է հնարավորություն տրվի, որ դատաքննություն տեղի ունենա, կարծում եմ, շատ հարցերի պատասխանները հանրությունը կիմանա։ Կարևոր է և կազմակերպիչների, և իրականացողների բացահայտումը»,- ընդգծեց Փաշինյանը։

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ապացույցներ կեղծելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Հարությունյանը մեղադրանքը չի ընդունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում