Արցախ

Արցախում գրանցվել է վարակի 14 դեպք, որից 4-ը նոր է, 8 պացիենտ արդեն ապաքինվել է

2 րոպեի ընթերցում

Արցախում գրանցվել է վարակի 14 դեպք, որից 4-ը նոր է, 8 պացիենտ արդեն ապաքինվել է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում մայիսի 9-ին թեստավորված 41 քաղաքացուց 37-ի COVID-19 թեստի պատախանը բացասական է, իսկ 4-ինը՝ դրական, այսինքն՝ նրանց մոտ հաստատվել է նոր կորոնավիրուսի վարակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Ըստ աղբյուրի՝ 4 քաղաքացիները, որոնց մոտ հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակը, մայիսի 7-ին Նոր Վերինշեն համայնքում գրանցված վարակակրի շրջանակից են՝ Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքից:

Վերոնշյալ 4 քաղաքացուց երկուսը գտնվում էին Շուշի քաղաքում մեկուսացման համար նախատեսված հյուրանոցում, իսկ երկուսը՝ Նոր Բրաջուր համայնքում ինքնամեկուսացվել էին:

«Հիշեցնենք, որ ԱՀ Պարետի որոշման համաձայն՝ մայիսի 7-ին Նոր Վերինշեն համայնքում և Քնարավան համայնքի Չափնի գյուղում, ինչպես նաև՝ մայիսի 8-ին Նոր Բրաջուր համայնքում մտցվել են ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ սահմանափակումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՀ առողջապահության նախարարությունը նաև նշում է, որ մայիսի 9-ին կրկնակի թեստավորված և տևական ժամանակ բուժհաստատություններում գտնվող, նոր կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը բացասական է եղել:

«Այսինքն՝ վարակն այլևս չի հաստատվել, և նրանք դուրս են գրվել բուժհաստատությունից: Նշենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 14 դեպք, որից 8-ն արդեն ապաքինվել են»,- տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում