Հասարակական

Անկախություն ձեռք բերելը եղավ մեր առաջին մեծ հաղթանակը. Տիգրան Մանսուրյան

2 րոպեի ընթերցում

Անկախություն ձեռք բերելը եղավ մեր առաջին մեծ հաղթանակը. Տիգրան Մանսուրյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրված կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, շնորհավորելով հայ ժողովրդին հաղթանակների կապակցությամբ, նշում է, որ անկախություն ձեռք բերելը հայ ժողովրդի առաջին մեծ հաղթանակը եղավ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նա շեշտեց, որ բոլորս գիտենք՝ անկախությունն է ծնում ուժ: «Պետականաստեղծ առաջին քայլերը մեր ժողովրդի կյանքում մեջտեղ բերին համահավաք կամքն ու ոգեկանությունը, ինչը և երկնեց Արցախի անկախությունը: Այս է, որ մայիսի 9-ը մեզ համար դարձնում է տոնական օր: Ի սրտե շնորհավորում եմ մեր հաղթանակած բանակի բոլոր ռազմիկներին, Շուշին ազատագրած բոլոր հայորդիներին: Եվ թող մենք բոլորով արժանի լինենք մեր փառավոր հաղթանակին և այս տոնական օրվան»,-ընդգծեց մաեստրոն:

28 տարի առաջ մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները հաջողությամբ ավարտեցին «Հարսանիք լեռներում» օպերացիան, որի արդյունքում ազատագրվեց հրաշագեղ Շուշին: Շուշիի ազատագրումն էլ բեկումնային դարձավ ղարաբաղյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին: «Հարսանիք լեռներում» օպերացիայի արտասովոր անվանումը գալիս է նրանից, որ այդ ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը անիրագործելի էր համարում Կոմանդոսի և Սամվել Բաբայանի ներկայացրած Շուշիի ազատագրման մարտական պլանը, կարծում էր, որ նման օպերացիա իրականացնելը դեռ վաղ է ու պետք է դրան լավ պատրաստվել: Նրանք որոշել էին` Շուշին գրավելուց հետո լեռներում Վազգեն Սարգսյանի հարսանիքը կազմակերպել. այդպես էլ օպերացիան ստացել է «Հարսանիք լեռներում» պայմանական անվանումը:

Ազատագրական գործողություններն իրականացվել են 4 ուղղությամբ միաժամանակյա հարձակումներով: Մայիսի 8-ի գիշերը` ժամը 2.30-ին` Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո, հայկական զորքը մտնում է Շուշի, և մայիսյան հերթական լուսաբացին բերդաքաղաքի Սբ Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին արդեն ծածանվում էր հայոց հաղթական եռագույնը: Այն նորանկախ Հայաստանի պատմության ամենափառավոր էջերից է:

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում