Հասարակական

Քոչարյանը գտնվում է համաճարակի ռիսկային գոտում, պաշտպանը ներկայացրեց երկրորդ միջնորդությունը

3 րոպեի ընթերցում

Քոչարյանը գտնվում է համաճարակի ռիսկային գոտում, պաշտպանը ներկայացրեց երկրորդ միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ե րևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մայիսի 8-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանին ներկայացրեց իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ երկրորդ միջնորդությունը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայկ Ալումյանի խոսքով՝ Քոչարյանը մեղադրվելուց հետո 5 ամիս գտնվել է ազատության մեջ և չկա որևէ հիմք ասելու, որ այդ ընթացքում փորձել է խոչընդոտել գործի քննությանը։

Քոչարյանի պաշտպանը ներկայացրեց միջազգային կառույցների կողմից հրապարակված սկզբունքները՝ կորոնավիրուսի տարածման հետ պայմանավորված անազատության մեջ գտնվող անձանց հետ վարվելու սկզբունքների վերաբերյալ։

«Քոչարյանը գտնվում է մի քանի ռիսկային գոտիներում։ Նա 66 տարեկան է և ունի մի քանի ախտորոշումներ։ Ելնելով վերը նշվածից, միջնորդում եմ վերացնել Քոչարյանի կալանքը կամ փոխարինել այն որևէ այլ՝ ազատության զրկելու հետ չկապված խափանման միջոցի հետ»,- ասաց Ալումյանը։

Ավելի վաղ, Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ներկա են եղել Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը, ովքեր Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ են ներկայացրել։

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանին է ներկայացրել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը և ՀՀ ու Արցախի նախկին վարչապետների դիմումները։ Նիստին ներկա է Ռոբերտ Քոչարյանը, ով մինչ այս «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում էր:

Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։ Նա մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Գործով անցնում են նաև 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը։

Կարեն Խաչատրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում